Անկեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանի այգիներում տեղադրված արձանի բացմանը և նշելով, որ երեկվա օրը պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի:

Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի: Մինչդեռ օրերն ու իրադարձությունները մոռացվելու հատկություն ունեն, մի օր չենք լինի և մենք՝ մեզ հետ տանելով մեր հիշողությունները, բայց Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանի այգիներում տեղադրված արձանը հավերժ կմնա սերունդներին:

Նարեկացու բրոնզաձույլ արձանը Հայաստանի մի մասնիկն է Սուրբ Աթոռում: Արձանի վրա պատկերված է աստվածային գիրքը՝ «Նարեկը»:

Արձանի դիմացի մասում հրեշտակն ու նռնենին է, ետնամասում՝ կտուցով խաղաղություն բերող աղավնին՝ Նարեկացու աղավնին: Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, ցանկացել է, որ Նարեկացու արձանը կամուրջ դառնա երկնքի ու երկրի միջև, և փայլուն կերպով իրականացրել է գաղափարը:

Արձանը բացելն ու այն աշխարհին ներկայացնելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը: Ի սրտե շնորհակալ եմ բոլորին, ովքեր ֆիզիկապես ու հոգեպես մեր կողքին էին այս պատմական իրողության կայացման ընթացքում»:

Այս թեմայով