Անկարայում ամիսներ շարունակ աշխատավարձ չստացող մի խումբ բանվորներ զանգվածային ինքնասպանության փորձ են կատարել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ բանվորներ զանգվածային ինքնասպանության փորձ են կատարել՝ 5 ամիս աշխատավարձ չստանալու պատճառով, գրում է թուրքական «Սթար» պարբերականը:

Բանվորները բարձրացել են շենքի տանիք, որի կառուցման վրա աշխատում են, ու սպառնացել ցած նետվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, շտապօգնության ու փրկարարական մի քանի ջոկատներ: Մասնագետներին հաջողվել է բանվորների հետ բացատրական աշխատանքների ընթացքում ցած իջեցնել նրանց:

Դեպքը հայտնվել է Թուրքիայում աշխատավորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ փաստել են, որ Թուրքիայում աշխատավոր դասակարգը շարունակում է բախվել մի շարք խնդիրների՝ աշխատանքային ու առողջապահական ապահովագրության, աշխատանքային պայմանների հետ կապված հարցերում:

Թուրքական «Բիրգյուն» պարբերականը մեջբերել է այն փաստը, որ օրերս հայտնի է դարձել, որ պաշտոնական տվյալներով՝ Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցման աշխատանքների ժամանակ աշխատանքային վատ պայմանների ու դժբախտ պատահարների հետևանքով մահացել է 30 բանվոր:

Այս թեմայով