Անթույլատրելի է կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը. Սփյուռքի նախարարություն

Հայաստանի սփյուռքի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Նախարարությունը հայտնում է, որ ակնդետ հետևում է Կարագանդայում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝ կպատժվեն», — ասված է հայտարարությունում:

Նախարարությունը նշում է, որ Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա:

Այս թեմայով