Այս օրը տոն է համայն հայության համար. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն է ու հպարտությունը՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն:

Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականության, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր իրավունքները, իր օջախն ու ընտանիքը պաշտպանելու համար, սրբազան պայքար, որը հաղթանակով պսակվեց 1991 թվականի սեպտեմբերին:

Մենք ավելի քան վստահ ենք, որ ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ այսուհետ մեր ժողովուրդը միասին ու միակամ, համախմբված ու հաստատակամորեն կընթանա իր երազանքների իրականացման, հայոց պետականության շարունակական զորացման ու ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Հայաստանի Հանրապետության կայուն ու առաջընթաց զարգացման ճանապարհով:

Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն  հաջողություններ՝ ի փառս Մայր Հայաստանի և հայ ժողովրդի»:

 


Այս թեմայով