Այս տարի շուրջ $4.4 մլն-ի 620 տեսակի հայկական արտադրանք է արտահանվել Կրասնոդար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է մի խումբ հայ գործարարների, այդ թվում՝ ժամանած Կրասնոդար քաղաքից: Ռուսաստանի Կրասնոդարի մարզի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին  հանդիպման համար և նշել, որ պետության աջակցությունը գործարարների համար շատ ոգևորիչ է:

Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։

Համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը նախարարին տեղեկացրել է, որ տեղի գործընկերների հետ համատեղ ջանքերով գործարարները այս տարի շուրջ 4.4 մլն դոլարի 620 տեսակի հայկական արտադրանք են արտահանել Կրասնոդար: Նախատեսում են թիվը հասցնել 5 միլիոնի: Հաջորդ տարվա համար գործարարները մտադիր են 7.5 մլն դոլարի Made in Armenia արտադրանք արտահանել: Կրասնոդարի բնակիչների համար արտահանվում են վերամշակված սնունդ, հայկական պահածոներ, մուրաբաներ, խմիչքներ, հյութեր և այլն:

Հանդիպման մասնակիցները նախարարի հետ քննարկել են արտահանմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ արտահանման ապահովագրության վերաբերյալ: Գործարարները նշել են նաև, որ լիարժեք օգտվում են արտահանողների համար նախատեսված պետական աջակցության գործիքակազմից:

 


Այս թեմայով