Այս պահին շրջանառվում են «утка» անուններ՝ դրանք խայծ են ու կեղծ. Նաիրա Զոհրաբյանը` նախագահի թեկնածուների մասին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև հանրապետության ապագա նախագահի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Գործող նախագահը ասել է, թե նա պետք է անցած ճանապարհ ունենա, ճանաչում ունենա երկրի ներսում և դրսում, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, լինի անկողմնակալ, երբեք քաղաքականությամբ զբաղված չլինի և անկուսակցական լինի: Մինչ ոմանք փորձում են հասկանալ, թե ում է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, ակտիվ հասարակության մի ստվար զանգված արդեն իսկ սոցիալական ցանցերում ներկայացնում են իրենց կանխագուշակումները՝ Էդվարդ Նալբանդյանով սկսած ու Արկադի Ղուկասյանով ավարտած: «Փաստը» Սերժ Սարգսյանի բնութագրումների, հնարավոր թեկնածուի շուրջ զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

– Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը կոնկրետ ինչ–որ մեկին ակնարկե՞լ է:

– Քաղաքականության մեջ ռեբուսներ չեմ սիրում, որպեսզի հիմա կարողանամ ինչ–որ ենթադրություններ անել: Երբ իրենք կներկայացնեն թեկնածուին, մենք կտեսնենք ու կհասկանանք՝ թեկնածուն ունի՞ նշյալ ունակությունները, թե ոչ: Անկեղծ ասած, ես չեմ էլ ցանկանում հիմա փորձել ռեբուս լուծել, թե այդ, այսպես ասած, պարամետրերով շրջանառվող թեկնածուների անուններից ով է համապատասխանում, որովհետև ես կարծում եմ՝ այս պահին շրջանառվում են «утка» անուններ՝ դրանք խայծ են ու կեղծ: Փորձ է արվում պարզապես շեղել ուշադրությունը այն հիմնական թեկնածուից, ում կներկայացնեն: Բայց քանի որ մեր ձայները բավարար չեն մեր առաջադրած թեկնածուի դեպքում հաղթանակ ապահովելու համար, ուստի ես չեմ ցանկանում անգամ հիմա ենթադրել, թե ում մասին կլինի խոսքը: Իրենք կներկայացնեն, մեզ համար պարզ կլինի, թե նշյալ թեկնածուն ունի վերոթվագրյալ հատկանիշները, թե ոչ:

– Արդյոք պե՞տք է, որ նախագահը նման հատկանիշներ ունենա, չլինի կուսակցական, քաղաքականությամբ զբաղված չլինի: Հնարավո՞ր է այդպիսի մարդուն տեսնել նախագահի թեկնածուի դերում:

– Իհարկե հնարավոր է, մենք շատ նեղ քաղաքական դաշտ ունենք, և շատերին թվում է, թե մեր նեղ քաղաքական դաշտից դուրս ոչինչ չի կատարվում, չկան արժանավոր մարդիկ, չկան մարդիկ, ովքեր հայրենասիրություն չեն ծախում, ովքեր հայրենասիրությունը չեն սարքել փեշակ: Կան իսկապես լուրջ մարդիկ, լուրջ քաղաքացիներ, ովքեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության արժանավոր նախագահներ: Մենք պետք է կարողանանք մեր նեղ քաղաքական դաշտից մի փոքր դուրս նայել և կտեսնենք, որ այդպիսի արժանավոր քաղաքացիներ ունենք:

– Քանի որ ձեր ձայները չեն բավականացնի ձեր թեկնածուի հաղթանակի համար, չե՞ք առաջադրելու նրան:

– Եթե առաջադրումը չի ավարտվելու թեկնածուի հաղթանակով, ապա, այո՛, չենք առաջադրի: Առաջին փուլի համար անհրաժեշտ է 76 ձայն: Եթե մեր և «Ելքի» ձայները բավարար չեն սեփական նախագահի թեկնածուն ունենալու համար, ապա՝ ոչ: Երեկ նաև խորհրդարանում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ չի կարելի անել քայլեր, որոնց պարտությունը երաշխավորված է, և անընդհատ հանրային գիտակցության մեջ սերմանել, որ ընդդիմությունը միայն պարտվում է: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով