Այս ամենի շարունակությունը բացասական ազդեցություն կարող է թողնել տնտեսության վրա.

Վերջին օրերին ՀՀ-ում տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման վրա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Եթե դուք հետևում եք միջազգային լրատվությանը, երևի տեղյակ եք, որ որոշ երկրներ հայտարարել են ու կոչ են արել իրենց քաղաքացիներին ՀՀ չայցելել, քանի որ դա անվտանգ չէ: Իսկ մենք մեր բազմաթիվ ու երկարատև ջանքերի շնորհիվ այն ցուցանիշին էինք կարողացել հասնել, որ բազմաթիվ միաջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ն զբոսաշրջության ամենանավտանգ երկրներից էր համարվում», — ասաց Կարայանը:

Նախարարի խոսքով՝ հյուրանոցների և տուրիստական կազմակերպություններից իրենք տեղեկացել են, որ արդեն իսկ որոշակի կորուստներ եղել են ու զբոսաշրջիկների մի մասը հրաժարվել է գալ Հայաստանի Հանրապետություն:

«Եթե այս ամենը շարունակվի, ականատես կլինենք, թե ինչ բացասական ազդեցություն սա կարող է թողնել տնտեսության վրա: Եթե այն լիներ տրամաբանական և չխանգարեր երկրի բնականոն զարգացմանը, ապա տնտեսության վրա գրեթե չէր ազդի, բայց այն պարագայում, երբ պարալիզացվում է քաղաքային տրանսպորտը, զբոսաշրջիկների երթևեկությունը, դա իր բացասական ազդեցությունը կունենա», — նշեց Կարայանը:

 


Այս թեմայով