Այսօր` Ստամբուլում տեղի կունենա Պուտինի և Էրդողնի հանդիպումը

Թուրքիան մեր հիմնական գործընկերն է. ՊուտինԱյսօր Ստամբուլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Էներգետիկ 29-րդ համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է անցկացնելու իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ։

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, Էրդողան-Պուտին հանդիպմանը նախատեսված են մի շարք փաստաթղթերի ստորագրում և երկկողմ ու տարածաշրջանային հարցերի քննարկում։

Կրեմլի մամլո ծառայությունը նաև հայտնում է, որ Պուտինը կանցկացնի մի շարք այլ երկկողմ հանդիպումներ, օրինակ, Վենեսուելայի նախագահի հետ։

Ստամբուլում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա նույնպես մասնակցում է Էներգետիկ համաժողովի աշխատանքներին։

Երեկ Ալիևը հանդիպել է Էրդողանի հետ։ Իսկ կլինի՞ արդյոք այսօր Ալիև-Պուտին հանդիպում՝ այս պահի դրությամբ հայտնի չէ։

Այսօր նախատեսված է Ռուսաստանի համար չափազանց կարևոր փաստաթղթի ստորագրում։ Խոսքը «Թուրքական հոսք» գազատարի մասին է։ Փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին հայտարարել էր Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

«Առաջիկայում փաստաթուղթը կստորագրվի։ Հուսով ենք, որ այն կպատրաստեն մինչև Պուտին-Էրդողան Ստամբուլում կայանալիք հանդիպումը», — կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին հայտարարել է Նովակը։

Մոսկվան ու Անկարան վերականգնել են ռուսական գազի համար տասը տոկոս զեղչ տրամադրելու մասին բանակցությունները։

Հիշեցնենք, Ռուսաստանը մատակարարում է Թուրքիայում սպառվող գազի շուրջ 60 տոկոսը, և նույնիսկ ռուս-թուրքական շուրջ 7 ամիս տևած հակամարտության ժամանակ գազի մատակարարումը չէր դադարել։

Ռուս-թուրքական բանակցությունների մեկ այլ կարևոր հարցերից է համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում։ Նավակը երեկ, մասնավորապես, ասել է, որ «Ակկույու» ատոմակայանի կառուցման աշխատանքների համար նախատեսված է շուրջ 20 միլիարդ դոլարի ներդրում։

Մոսկվան ու Անկարան մտադիր են վերականգնել և է՛լ ավելի զարգացնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի վկայությունն է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հայտարարությունը։

Պուտինի այցի նախօրեին թուրք նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են երկկողմ առևտրային շրջանառությունը հասցնել մինչև 100 միլիարդի, այսօր այն կազմում է 20 միլիարդ, իսկ 100 միլիարդի ապրանքաշրջանառություն Ռուսաստանը չունի նույնիսկ Չինաստանի հետ։

Պակաս կարևոր չեն ռուս-թուրքական այսօրվա բանակցությունները նաև քաղաքական առումով։ Մոսկվան հույս ունի ստանալ ինչ-որ աջակցություն Թուրքիայից Սիրիայի հարցում, քանի որ լինելով արևմտյան կոալիցիայի անդամ Սիրիայում՝ Անկարան, ի տարբերություն արևմտյան երկրների, չի քննադատում Մոսկվային, համենայն դեպս՝ Մոսկվայի հետ հարաբերությունները երեք ամիս առաջ վերականգնելուց հետո։

Դիտվել է 86 անգամ
 


Այս թեմայով