Այսօր բենզինի գինը շատ ներդաշնակ է միջազգային գներին. Վահրամ Բաղդասարյան

Գնաճը վերահսկելի է. ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ի սկզբանե, դեռ նախընտրական շրջանում հայտարարել ենք, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու, դուրեկան բյուջե կամ ծրագիր չի ներկայացվելու, որ ստանանք հանրության ձայները։ Հետընտրականում ասացինք, որ գնահատում ենք ռեսուրսները և պետք է այնպես անել, որ արտաքին պարտքի հետ համաչափ բարձրացենք թոշակներն ու աշխատավարձերը: Բայց միայն այնպես, ինչպես մեր գործընկերներն են պահանջում` հարկային իջեցումներով, նման քաղաքականություն հնարավոր չէ»,-ասաց նա:

Լրագրողները նշեցին, թե երկու օրում բենզինի գինը կրկին բարձրացել է 20 դրամով: Բաղդասարյանը պատասխանեց. «Բենզինի ավելի բարձր գներ ենք ունեցել, ոչ մեկ չի բարձրաձայնում, այսօր բենզինի գինը շատ ներդաշնակ է միջազգային գներին, Վրաստանում ավելի բարձր է»:

Բաղդասարյանը նշեց, որ իրենք պարտավորվում են տանել բացատարական աշխատանք, այդ իսկ պատճառով վաղը հրավիրել են խորհրդարանական կլսումներ, որ հարցերին պատասխանեն:

Վահրամ Բաղդասարյանը կրկնեց, որ գնաճը 2,6% է: «Պետք է նայել համեմատության մեջ, տարածաշրջանի երկրներում 6,8% –ի շրջանակներում է գնաճը, մենք նայում ենք իրավիճակին, մենք ապագային միտված բյուջե ենք ներկայացրել և այնպիսի քաղաքականություն պետք է վարենք, որ ունենանք կենսաթոշակների ու աշխատավարձերի աճ»,-ասաց նա և նշեց, թե Կառավարությունը տնտեսական ոլորտում բավական ճկուն քաղաքականություն է վարում, և արդեն իսկ արձանագրվել է սպասվածից ավել տնտեսական աճ, որը կերևա նաև հաջորդ տարիներին:

Այս թեմայով