«Այսպես մնալ չի կարող». քաղաքապետարանը ցանկանում է քանդել Օպերայի հարակից սրճարանները

Երևանի ավագանին ու գլխավոր ճարտարապետը քննարկում կունենան Օպերայի և բալետի թատրոնի  հարևանությամբ գտնվող սրճարանների ապամոնտաժման հարցով: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Տեղեկատվության առումով պատկերը դեռ ամբողջական չէ: Ամեն դեպքում, կարծում եմ, բոլոր երևանցիներն էլ կողմ են, որ Օպերայի և բալետի թատրոնի տարածքը պետք է համապատասխանի բուն շենքի նշանակությանը: Այսպես մնալ չի կարող, բնականաբար»,-հավելեց Երևանի ավագանու անդամը:

Politik.am-ը զրուցեց նաև  Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող «Մեղեդի» սրճարանի տնօրեն Արսեն Մանուկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց.«Իմ ունենցած ինֆորմացիայով՝ ոչ բոլոր տարածքների մասին է խոսքը: Կան սրճարաններ, որոնք ստացել են ծանուցումներ. նրանց մոտ նշված է՝ որ տարածքների մասին է խոսքը: Օրինակ, «Մեղեդի» սրճարանը ծանուցում չի ստացել»:

«Ջազվե-Օպերա» սրճարանի ղեկավար կազմի հետ ևս փորձեցինք կապ հաստատել, բայց տնօրենը տեղում չէր, իսկ սրճարանի մենեջերն ասաց, որ իրավասու չէ տեղեկացնել՝ իրենք ապամոնտաժման մասին ծանուցում ստացե՞լ են, թե՞ ոչ:

Այս թեմայով