Այսպես երկար շարունակվել չի կարող. Տիգրան Ուրիխանյան

231847631395312802Յուրահատուկ մի իրավիճակ է մեր երկրում: Բոլորս լավ հասկանում ենք, որ անհրաժեշտ են շատ կտրուկ ու հրատապ փոփոխություններ: Ընդ որում, ոչ թե ինչ-որ մի առանձին ոլորտում, այլ, թերևս՝ ամենուր: Սկսած մտածողությունից, սովորություններից, կենցաղից, հարցեր լուծելու հնացած ու կարծրացած ձևերից ու վերջացրած, անշուշտ, գործող քաղաքական համակարգով:

Փոփոխությունների անհրաժեշտությունն ուղղակիորեն օդում կախված է: Շատ հաճախ մարդիկ, ասելով ‹‹այսպես արդեն հնարավոր չէ››, նկատի ունեն համարյա ամեն ինչ ու հաճախ նաև սեփական դերակատարումը ստեղծված իրավիճակում: Հիմա արդեն ոչ միայն դժվար ու ծանր է միջին վիճակագրական քաղաքացու համար ապրելը երկրում, այլ նաև մի նոր բան է տեղի ունեցել մարդկանց գիտակցության մեջ` չդադարող դժվարություններն ու հեռանկարի բացակայությունը ձևավորել են անելանելիության մի խոր զգացում ու բողոք արտահայտելու մեծ ցանկություն: Իհարկե, ինչպես միշտ, այնպես ել հիմա, ընդունված է բողոքել սուրճի սեղանի շուրջ, տրանսպորտում և տարբեր այլ իրավիճակներում ու առիթներով: Դրան գումարվում է նաև դանդաղ, բայց հաստատուն ինտենսիվությամբ ծավալվող անկախ քաղաքացիա-կան ակտիվիստների դժգոհությունը, որն արտահայտվում է շատ կոնկրետ ակցիաներով: Իսկ առաջին հորիզոնականում, իհարկե, այն յուրօրինակ բողոքի ձևն է, որն արտահայտվում է ուրախությամբ օդանավակայանում: Այո՛, հենց այնտեղ է տիրում ոգևորության յուրահատուկ մի մթնոլորտ: Մարդկանց աչքերում փայլ է երևում, դեմքերին ժպիտներ, աշխուժություն, կասեի, որոշակի նպատակաուղղվածություն է զգացվում: Իսկ ինչու՞: Որովհետև հեռանում են, որովհետև փոփոխություն են զգում, վաղվա օրվա հանդեպ ինչ-որ հավատ է առաջանում կամ գոնե հույս: Շատերն են հիմա գնում ոչ միայն նվազագույն կենսակերպ ապահովելու անհնարինությամբ դրդված, այլ նաև պարզապես զզված լինելով լճացած վիճակից, թերի ու անկազմակերպ համակարգից, ցինիզմից, բութ ու սեփական քթից հեռու չտեսնող, բայց բախտի քմահաճույքով որոշումների կայացման տիրույթում հայտնված մարդկանցից, իսկ ամենակարևորը՝ փոփոխությունների ու հեռանկարի բացակայությունից: Այո՛, երկիրը լքելը դարձել է բողոքի արտահայտման հիմնական ձև: Ցավոք:

ժամանակները փոխվել են: Հիմա մարդիկ ուզում են մեկ ամգամ ապրելու իրենց տրված հնարավորությունից օգտվել լիարժեք: Մարդիկ ցանկանում են ապրել բարեկեցիկ կյանքով, օգտվել բոլոր այն բարիքներից, որոնք գոյություն ունեն, իսկ ժամանակակից աշխարհում տեղեկատվության հասանելիությունը շատ բան է թույլ տալիս իմանալ ու ցանկանալ:

Մի բան պարզ է ու միանշանակ` այսպես երկար շարունակվել չի կարող: Օրեցօր ահագնացող դժգոհությունը պատճառ է դառնալու, որպեսզի երկիրն անդառնալիորեն ցնցվի կամ վերջնականապես դատարկվի: Կամ ցնցվի ու դատարկվի միաժամանակ: Անհրաժեշտ են շատ կտրուկ փոփոխություններ: Պարզ է, որ օդից ոչինչ չի ստեղծվի, բայց պետք են այնպիսի շեշտակի փոփոխություններ, որոնք նախ և առաջ քաղաքացու մոտ զարգացման ու հեռանկարի հույս կառաջացնեն: Ազնիվ ու պարկեշտ մարդկանց որոշումների դաշտ մտնելը, ազդեցությունը քաղաքական ու պետական համակարգում կարող են ապահովել մի նոր մտածողություն. սեփական բարեկացությունը կարելի է ապահովել միմիայն իրական հանրային շահի գերակայությամբ ու ընդհանուր զարգացմամբ: Այլոց նկատմամբ պատասխանատվության զգացումով առաջնորդվող անհատների դերակատարմամբ միայն կարող է վիճակ փոխվել: Վստահ եմ` այդ պարագայում հուսահատված ու անտարբեր քաղաքացին կակտիվանա, կկանգնի նոր շունչ ու փոփոխություն բերողի կողքին, փողոց դուրս եկած բողոքողն իր ջանքերն ու եռանդը կներդնի հանուն ընդհանուր նպատակների իրականացման, իսկ երկրի սահմանը հատելուն պատրաստ մարդը մի պահ կանգ կառնի ու հոգու մեջ արթնա-ցած նոր հույսով, միգուցե, երբևէ նորից աշխատի ու ստեղծագործի մեր հայրենիքում:

Շատ բան կփոխվի ու շուտ կփոխվի, եթե մարդիկ, ովքեր ունակ են ոտքի հանելու տնտեսությունը, ազատելու երկիրը բոլոր տեսակի, այդ թվում, քաղաքական մենաշնորհներից, արդարություն ու օրինականություն ապահովելու, արդյունավետ աշխատելու, հանդես գան նոր օրակարգով ու անցնեն գործողությունների:

Կարծում եմ այդ օրը սարերի ետևում չէ…

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ

Տիգրան Ուրիխանյան

“Արարատ” ամսագիր մարտ 2014թ.
 


Այս թեմայով