Այն, ինչ արտահայտվում է ԲՀԿ-ում

default«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նորից խմորումներ են: Իհարկե, դրանք այս անգամ չունեն հանրային այն հնչեղությունը, որ կար 2015-ի փետրվարի հայտնի իրադարձություններից հետո:

Ինչպես պարզվեց հետագայում, ԲՀԿ-ն իշխանությունների համար այլեւս պիտանի ռեսուրս չէ: Այն գնահատականները, որ ԲՀԿ-ում կան տարբեր մոտեցումներ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մասով՝ կազմել, թե չկազմել, ինչն էլ դարձել է տարաձայնությունների պատճառ, ըստ էության երեւի թե այնքան էլ չեն արտացոլում իրականությունը:

Բանն այն է, որ ԲՀԿ-ին կոալիցիոն առաջարկ չի էլ արվել, որպեսզի դա բերեր տարաձայնությունների: Իսկ առաջարկ չի արվել, քանի որ ՀՀԿ-ի համար կամ Սերժ Սարգսյանի համար «Բարգավաճ Հայաստանն» այսօր չունի շոշափելի նշանակություն: Եվ եթե կուսակցությունը տեղ ունենա հաջորդ խորհրդարանում, ըստ էության՝ արդեն իսկ պետք է համարել մեծ անակնկալ:

Եվ հենց այստեղ էլ ըստ էության առաջանում են ներկուսակցական տարաձայնությունները, որոնք հավանաբար միայն ԲՀԿ-ին չէ, որ հատուկ կլինեն առաջիկայում: Սակայն ԲՀԿ-ի դեպքում դրանք կունենան առավել վառ արտահայտված դրսեւորում, քանի որ այստեղ, իհարկե, շատ ավելի մեծ էին խորհրդարանական մանդատները 2017-ին պահելու ակնկալիքները: ԲՀԿ-ն այսօր ունի մոտ 30 պատգամավոր:

Ինքնին հասկանալի է, որ 2017 թվականին ԲՀԿ-ն եթե ագամ ստանա մանդատներ, ապա միեւնույն է՝ դրանք հազիվ թե իրենց քանակով գերազանցեն ներկայիս քանակի 1/3-ը: Դա նշանակում է, որ ԲՀԿ ներկայիս կազմի մի զգալի մասը կզրկվի մանդատներից: Իսկ եթե չկա մանդատ, ուրեմն չկա նաեւ ԲՀԿ-ում լինելու իմաստ: Ահա եւ ներկուսակցական տարաձայնությունների նախադրյալները:

Այստեղ քիչ թե շատ ավելի հետաքրքրություն է առաջացնում այն հարցը, թե արդյոք ԲՀԿ-ի, այսպես ասած, նոր կամ հերթական տրոհումը կբերի՞ նոր կուսակցության ստեղծման, այսինքն՝ տրոհումը կլինի կազմակերպված, թիմայի՞ն, թե՞ ամեն մեկը՝ իր ճակատագրով:

2015-ի փետրվարյան իրադարձություններից հետո սպասվում էր, որ «Բարգավաճ Հայաստանի», այսպես ասած, քոչարյանական թեւը կուսակցություն է բացելու, որը խորհրդարանական ընտրություններում կսպասարկի Ռոբերտ Քոչարյանի ծրագրերը: Իսկ կուսակցության հավանական առաջնորդ դիտվում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ոչ հերքում, ոչ հաստատում է կուսակցության ստեղծման հեռանկարները, ինչը առնվազն նշանակում է, որ հարցն օրակարգում է:

Եվ այս իրավիճակում նոր ստեղծվելիք կուսակցության համար կարող է բավական հարմար մեկնարկային քարոզչական միջավայր լինել ԲՀԿ-ում իշխանությունների հետ համագործակցության շուրջ տարաձայնությունների մթնոլորտը եւ այդ մթնոլորտում որոշ գործիչների հեռանալը, այսպես ասած՝ դուռը շրխկացնելու միջոցով: Դա հավելյալ ուշադրություն կարող է լինել նոր կուսակցությանը:

Սա, իհարկե, հնարավոր վեկտորներից մեկը կարող է լինել, սակայն, բնականաբար, ոչ պատճառ: Պատճառները, անկասկած, գտնվում են զուտ ներիշխանական տիրույթում: Պարզապես ՀՅԴ-ի հետ համագործակցությունը ավարտին հասցնելով, թեեւ ստորագրություն առ այսօր չկա, Սերժ Սարգսյանը բավական թուլացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի մրցակցային հեռանկարներն ու քաղաքական հավակնությունները: Իսկ ԲՀԿ-ի քաղաքական կյանքը 2015-ի փետրվարից հետո սնուցվում էր առաջին հերթին դրանցով, եւ դրա շնորհիվ է, որ կուսակցությունը պահպանեց գոյությունը:

Այսինքն՝ դա Հովիկ Աբրահամյանի ձեռքբերումն էր, որը, սակայն, կարծես թե ՀՀԿ-ՀՅԴ համաձայնությամբ զգալիորեն իմաստազրկվում է՝ դրանից բխող հետեւանքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով