Այլմոլորակայինները՝ Հայաստանում

default«Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում իշխանության, ընդհանրապես «այո»-ի կողմնակիցների քարոզչական հիմնական թեզը կառուցված է այն դրույթի վրա, թե «որքան վատն է կյանքը հիմա Հայաստանում, եւ որքան լավն այն կդառնա սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո»: Իշխանությունները՝ ՀՀԿ-ն, ու մյուսները, ինչպես նաեւ համարյա իշխանություն՝ ՀՅԴ-ն, իրենց ողջ քարոզարշավը անցկացնում են այնպես, ինչպես սովորաբար անցկացնում է ընդդիմությունը: Այն տարբերությամբ, որ ընդդիմությունը վատ կյանքի համար մեղադրում է գործող իշխանությանը, իսկ գործող իշխանությունը վատ կյանքի համար մեղադրում է գործող Սահմանադրությանը:

Կարծես գործող Սահմանադրությունը խախտում են այլմոլորակայինները, որոնք սպասում են՝ մինչեւ Հայաստանը քուն մտնի, գիշերը գաղտագողի մուտք են գործում մեր կյանք, անողոքաբար խախտում են Սահմանադրությունն ու լուսադեմին հեռանում: «Խեղճ իշխանությունն» էլ ամեն առավոտ արթնանում է, հայտնաբերում է խախտված Սահմանադրությունը, վշտից զարկ է տալիս կոռուպցիային, մենաշնորհներին ու անօրինականություններին, դրա համար մեր կյանքը դառնում է այսքան անտանելի: Թե ո՞վ է այս քարոզչական «գյուտի» հեղինակը՝ դժվար է ասել:

Բայց հետաքրքիր է, թե ինչ են նույն իշխանությունները հասարակությանն ասելու դեկտեմբերի 7-ին, երբ Սահմանադրությունը փոփոխված լինի, բայց նաեւ պարզվի, որ «այլմոլորակայինները» չեն դադարեցնում գիշերային այցելությունները:

Ամենայն հավանականությամբ ոչինչ էլ չեն ասելու եւ ժամանակ են խնդրելու հասարակությունից՝ երկիրը նոր Սահմանադրությամբ զարգացնելու համար: Խնդրելու են ոչ թե մի քանի ամիս, այլ մի քանի տարի՝ մինչեւ հաջորդ ընտրություններ, իսկ որ ավելի հավանական ու ավելի իրատեսական է՝ մինչեւ Սահմանադրության հաջորդ փոփոխություններ, որոնք, ավանդույթի համաձայն, կարող են տեղի ունենալ 2025 թվականին: Այնպես որ, ձեր վճռական «այո»-ն ասեք իշխանություններին, կամ նույնքան վճռական «ոչ» ասեք իշխանություններին: Ներեցեք, այլմոլորակայիններին»:

Առավել մանրամասն՝  «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 142 անգամ
 


Այս թեմայով