Այդ ամենն արդեն երկար ժամանակ շարունակվող անանուն մեղադրանքների շարքից է. Ալիկ Ղարիբյան

alikPolitik.am կայքի խմբագրակազմը օրեր առաջ «ԵՊՀ մտահոգ համալսարանականներ» մակագրությամբ և «ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի նոր հերոսությունները» վերնագրով նամակ էր ստացել իրենց ինքնությունը բացահայտել չցանկացած անհատների անունից ու առանց բովանդակային փոփոխությունների և խմբագրման հրապարակել կայքում:

Politik.am –ի խմբագրակազմը, պարզաբանումներ ներկայացնելով  հրապարակված նյութի վերաբերյալ, հայտնում է, որ կայքում տպագրված նամակի բովանդակությունը չի հանդիսանում կայքի խմբագրակազմի տեսակետը և որպես փաստեր ներկայացված տվյալները կարող են լինել չարախոսություններ և հերյուրանքներ: Politik.am-ի խմբագրակազմը գիտակցում է, որ թույլ է տրվել բացթողում:

 

Անդրադառնալով ԵՊՀ մտահոգ համալսարանականների նամակին և հնչեցված մեղադրանքներին, պարզաբանումների խնդրանքով դիմեցինք ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանին:

 

Պարոն Ղարիբյան, հայտնի նամակում Ձեր հասցեին բազմաթիվ կետերով մեղադրանքներ էին հնչեցվել, որոնցից առաջինը վերաբերում էր Ձեր` այսպես ասած անօրինական գործունեությանը և ՀՀ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչի հետ կապին: Ինչպես կպարզաբանեք նշվածը:

Այդ ամենն արդեն երկար ժամանակ շարունակվող անանուն մեղադրանքների շարքից է, իսկ ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանը, ապա թույլ տվեք մանրամասնել ու ներկայացնել թե ինչ կապ ունեմ ես պաշտպանական գերատեսչության հետ: Առաջինը նշեմ, որ ես արդեն մեկ տարի է հանդիսանում եմ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, իսկ ավելի վաղ` հինգ տարուց ավել համակարգել եմ ԵՊՀ-ի և ՊՆ միջև տարվող համագործակցության ծրագրերը: Իմ և գործընկերներիս ջանքերով ԵՊՀ-ն դարձել է ՊՆ վստահելի գործընկերը, ինչի վկայությունն են ԵՊՀ և ՊՆ ղեկավարության կողմից հաստատված և ավանդույթ դարձած տասնյակ ծրագրերը: Այս համագործակցության շրջանակներում ԵՊՀ դասախոս-մասնագետները պարբերաբար մեկնում են ՀՀ ԶՈՒ զորամասեր, Արցախ, հանդիպում զինվորների և սպաների հետ, իրականացնում ռազմահայրենասիրական բնույթի դասախոսություններ, հանդես գալիս ելույթներով ու զեկույցներով: Այս և չասված մի շարք այլ բաները, ինչ եք կարծում, բավարար չեն, որ ժամանակի ընթացքում ես առողջ աշխատանքային փոխհարաբերություններ ձևավորեի ինչպես ՊՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ` Վարդան Ավետիսյանի, այնպես էլ գործընկեր հանդիսացող մնացած կառույցների ներկայացուցիչների հետ:

 

Իսկ ինչ կասեք պարգևատրման վերաբերյալ. միթե չկային ավելի արժանիները:

Իհարկե ԵՊՀ-ում շատ են արժանի և վաստակաշատ մարդիկ, իսկ ինչ վերաբերում է իմ պարգևատրմանը, դա կարծում եմ կապված է նաև իմ կողմից իրականացվող մեկ այլ աշխատանքի հետ: Իմ նախաձեռնությամբ արդեն երկար ժամանակ է հիմնադրվել և գործում է ԵՊՀ «Տեղեկատվական Անվտանգության Գիտահետազոտական Կենտրոնը», որի համակարգող խորհրդի մեջ են մտնում  ՊՆ մի քանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, այդ թվում ՊՆ Տ և ՀԿ վարչության ներկայացուցիչները: Վերոնշյալ կենտրոնն իրականացնում է բազմալեզու (ութ լեզվով) տեղեկատվական, քարոզչական,  գիտական նյութերի տարածում, որտեղ առանցքային են Արցախին և ընդհանրապես ՀՀ ռազմական անվտանգությանը վերաբերող նյութերը: Այս բնագավառում իրականացված գործունեության համար ես նախկինում էլ արժանացել եմ տարբեր խրախուսանքների, պատվոգրերի, ինչպես նաև տարբեր ժամանակներում պարգևատրվել եմ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի և Գարեգին Նժդեհ մեդալներով  և կարծում եմ, որ զարմանալի չէ, որ ինձ տարիներ հետո կրկին ներկայացրել էին պարգևատրման այս անգամ Դրաստամատ Կանայան մեդալով:

Վերջին շրջանում բավական շատ է խոսվում ԵՊՀ բուֆետների և այդ ոլորտում առկա խնդիրների մասին, նամակում էլ նշվել էր, որ բուֆետները պատկանում են ՊՆ պաշտոնյային. ինչպես է լինելու այս պատմության վերջը:

Բուֆետների աշխատանքն իրականում մեծ խնդիր էր ԵՊՀ-ի համար, սակայն մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, մի քանի ամիս տևած դատական գործունեության արդյունքում ԵՊՀ բուֆետներում մոնոպոլ դիրք զբաղեցնող, ոչ բարեխիղճ ծառայություններ մատուցող և մեծ պարտքեր կուտակած «Բարև Լանչ» ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը ԵՊՀ տարածքում: Մենք ներկայումս ձեռնամուխ ենք եղել ԵՊՀ ճաշարանները մի քանի ընկերությունների տրամադրելու, տարածքները վերանորոգելու և պատշաճ և որակյալ սնունդ մատուցելու գործընթացին: Ես խոստանում եմ, որ ԵՊՀ ուսանողությունը և դասախոսները, նախկին ընկերության ավելի թանկ գներով մատուցվող, ոչ բարձրորակ սննդի փոխարեն այսուհետ կունենան նոր ընկերությունների հաշվին վերանորոգված տաղավարներում ավելի էժան և որակյալ սննդի մատուցում: Ասածներս բազմաթիվ փաստերով ապացուցելի են, և ցանկացողները դասերի սկսելուց հետո կարող են ծանոթանալ տեղում: Առանձնահատուկ նշեմ նաև, որ այս թեմայով չարախոսություններն ու հերյուրանքները շատ էին ու շարունակվում են մինչ օրս, իսկ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը երբևէ և որևէ կապ չի ունեցել և չունի ԵՊՀ ճաշարանների հետ: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում բացօթյա սրճարանների, քաղցրավենիքի և կարկանդակների արտադրամասերի առկայությանը, ապա դա ստահոդ մեղադրանք է, և նման գործունեություն ԵՊՀ-ում չի ծավալվում:

Պարոն Ղարիբյան, ինչ կասեք գնումների գործընթացի մասին. նամակում խոսվում էր նաև այդ մասին:

Վերջին տարներին մեծ թվով փոփոխություններ են իրականացվել այդ ոլորտում և այն, որ այդ բարեփոխումները շատերի սրտով չէին, ակնհայտ է: Մեր օրինապահ գործունեության շնորհիվ արդեն երկու տարի է ԵՊՀ-ում համակարգված և իրավաչափ կազմակերպվում  է գնումների գործընթացը: Մեր գործունեության արդյունքում շատ ու շատ «չարախոսներ» զրկվել են զարտուղի ճանապարհներով գումարներ կորզելու հնարավորությունից, իսկ ԵՊՀ-ն կատարել է խնայողություններ: Կարծում եմ բնական է այս իրավիճակը, երբ «չարախոսները» մեր հասցեին մեղադրանքներ են հնչեցնում և իրենց համար նպատակ են դարձրել մեր հասցեին բանսարկություններ տարածելը:

 

Ինչ վերբերում է ԵՊՀ սուրճի ապարատներին, պատճենահանման սարքերին, ապա Ա. Ղարիբյանը հավաստեց, որ պատճենահանման սարքերը պատկանում են ԵՊՀ շրջանավարտների միավորմանը և ինքը որևէ կապ չունի այդ միավորման գործունեության հետ: Պարոն Ղարիբյանի խոսքերով իրենք միայն իրականացնում են վերահսկողություն վարձակալված տարածքների վճարումների կատարման, ինչպես նաև պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման գործում:

Իսկ ինչ վերաբերում է իր դասախոսական գործունեությանը, ապա այդ մասին տեղեկություններ հնարավոր է ստանալ` հարցումներ կատարելով նրա ուսանողների և գործընկերների շրջանում, իսկ ուսանողական բոլոր հարցումներում մինչ օրս նրան տրվել են բարձր նիշեր, որին ծանոթանալու համար պետք է դիմել ԵՊՀ համապատասխան ստորաբաժանմանը:

Դիտվել է 180 անգամ
 


Այս թեմայով