ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հերքում է Ֆեթուլլահ Գյուլենին առևանգելու փորձերի մասին լուրերը

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով The Wall Street Journal-ում հրապարկված տեղեկությունները, թե Անկարան փորձել է անօրինկան ձևով Թուրքիա տեղափոխել ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Դեսպանատան հայտարարությունում նշված է, որ այդ պնդումները անհիմն են, կեղծ և ծիծաղելի:

The Wall Street Journal-ը վկայակոչելով իր աղբյուրները գրել էր, որ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները անցած տարվա դեկտեմբերին հանդիպելով ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին, նրան 15 միլիոն դոլար են առաջարկել, օգնելու որ մասնավոր օդանավով Գյուլենին տեղափոխեն Թուրքիա:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հերքելով այս լուրը, հայտնում է, որ Անկարան կշարունակի ԱՄՆ-ի իշխանությունների հետ շփումները հասնելու համար Գյուլենի արտահանձնմանը:

ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննում է Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ Մայքլ Ֆլինի երկու հանդիպման տեղեկությունները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանի քաղաքական հակառակորդ համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Անկարան մեղադրում է անցած տարվա հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Վերջին տարիների ընթացքում Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել ու հետապնդվել Գյուլենի կազմակերպության անդամ, կամ համակիր լինելու կասկածներով:

 


Այս թեմայով