ԱՄՆ կոնգրեսականների դասը ռուս պատգամավորներին. մեծ աջակցություն Արցախին

Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը: 

ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը շեշտել է, որ իրենց գործունեությունը հիմնականում նպատակ ունի ամերիկյան հասարակությանը հասցնելու Արցախի մասին երեք իրողություն, որ Արցախը իրավական երկիր է, որ այն անկախացել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և ունի արդյունավետ գործող պետական ինստիտուտներ:

Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:

Շատերի համար գուցե այս այցելությունը սովորական քայլ է, սակայն իրականում սա մեծ աջակցություն է Արցախին: ԱՄՆ կոնգրեսականները անում են քայլ, որով ցույց են տալիս, որ Արցախը իրավական պետություն է և իրենց այցելությամբ քաղաքական աջակցություն են հայտնում  Արցախին:

ԱՄՆ կոնգրեսականները արել են քայլ, որ չի արել և ոչ մի ռուս պատգամավոր: Հայաստանի ռուսամետ գործիչները ՌԴ-ն համարում են մեզ դաշնակից երկիր, սակայն այդ երկիրը ներկայացնող և ոչ մի  պետական գործիչ երբեք իրեն չի պահել դաշնակցի պես: Ռուսաստանի աջակցությունը առավել շատ զգում են Ադրբեջանում, քան Հայաստանում:

Ֆանտազիայի ժանրից կլիներ պատկերացնել, որ ինչ որ ժամանակ ռուս պատգամավորներ կարող են գալ Արցախ և քաղաքական հայտարարություն անել: Ու կարևոր էլ չէ, որ նրանց խոսքը չի ազդի ՌԴ արտաքին քաղաքականության վրա:

ԱՄՆ կոնգրեսականները Արցախում լավ դաս տվեցին ռուս պատգամավորներին: Ցույց տվեցին, թե ինչպես են բարեկամները աջակցում բարեկամներին:

 


Այս թեմայով