Ամիրյանը պատռեց իր դիմակը. լավ կլինի հրաժարական տա

Օրերս վարչական լծակների գործադրմամբ եւ սպառնալիքների ներքո փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով ցուցահանդեսի կապակցությամբ իր հասցեին հնչել են սպառնալիքներ: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է դրանում որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ:

Այս միջադեպը իսկապես լուրջ մարտահրավեր էր Մշակույթի նախարարության և անձամբ նախարար Արմեն Ամիրյանի համար: Երբ Ամիրյանը նոր էր նշանակվել նախարար, նա խոսում էր բարձր մշակույթից, խոսում էր գրքերից և գրախանութների պակասից, որոնք պետք է ավելացվեն: Սկզբում իսկապես թվում էր, թե ոլորտը ղեկավարում է մարդ, որը մտահոգ է առկա խնդիրներով ու համարձակ քայլերով փորձելու է այն լուծել: Սակայն այդ ամենը միայն սկզբում էր:

Հիմա, երբ Ամիրյանը ձևականությունների կարիք չունի, քանի որ ընտրությունները այլևս հետևում են՝ իրական դեմքը ցուցադրելու ժամանակն է: Արգելելով  նման կարևոր ցուցահանդես, որը իրականում ասելիք ուներ և պատճառաբանել, թե այն «քաղաքականացված էր» նվազագույնը դիլետանտություն է: Իսկ ով է պարոն նախարարին ասել, որ ցուցահանդեսները չեն կարող լինել քաղաքականացված: Միթե մենք դեռ շարունակում ենք ապրել պարոն Ամիրյանի պաշտած սովետական հասարակագում, որտեղ իհարկե գրքեր ու գրախանութներ կային, բայց քաղաքականացված մշակութային միջոցառումները արգելված էին ու մշակույթը չէր կարող խոսել քաղաքականության մասին, որը հաճո չէ  գործող իշխանությանը:

Արմեն Ամիրյանը այս քայլով պատռեց իր դիմակը և ցույց տվեց իր իրական ոչ մշակութային,  քաղաքականությունից վախեցող և իշխանական սազանդարի դեմքը: Ամիրյանը լավ կլինի հրաժարական տա ու իր հանդեպ մնացած հարգանքի նշույլները պահպանի, թե չէ շատ կարճ ժամանակում հանրության կողմից այդքան սիրված Ամիրյանը կդառնա շարքային ՀՀԿ-ական չինովնիկ:

Հ.Գ. Ի վերջո պետք է հիշել, որ Ամիրյանը ներկայացնում է մի իշխանություն, որը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցելությունից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լոգոյի վրայից հանել էր Արարատ լեռան պատկերը, որպեսզի չբարկացնեն թուրք նախագահին:

 


Այս թեմայով