Ամեն ինչ Կարեն Դեմիրճյանի մասին

231488811377153810Politik.am-ը սկսում է հրապարակումների նոր շարք, որոնցում անդրադարձ է կատարելու ՀՀ Ազգային հերոսների կյանքին և գործունեությանը: Մենք ներկայացնելու ենք մանրամասններ, որոնք քիչ հայտնի են: Մեր նպատակն է նոր սերնդի հուշերում վառ պահել ՄԵԾ ՀԱՅԵՐԻ հիշատակը: Առաջինը ում անդրադառնալու ենք դա Կարեն Սերոբի Դեմիրճյանն է:

Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։

1949 թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։

Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը։

1955 թ. նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։

Կ.Ս. Դեմիրճյանի աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ։Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները։ Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև` ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը։

1958 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է ձեռնարկության կուսակցական կոմիտեի քարտուղար։

1959 — 1961 թթ. Կ.Ս. Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Երևանի էլեկտրատեխնիկական գործարան, աշխատում, որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962 թվականից սկսած` դիրեկտոր։ Նրա ղեկավարությամբ ձեռնարկության կոլեկտիվը զգալի հաջողություների հասավ արտադրության արդյունավետության բարձրացման, ներքին ռեզերվների ռացիոնալ օգտագործման, նոր արտադրատեսակների յուրացման, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, նրա որակի և հուսալիության բարելավման ուղղությամբ։

1966 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, ապա` 1971 թ. նոյեմբերի 1` երկրորդ քարտուղար։

1972 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ։

1974 թ. նոյեմբերին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար։

1974 թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է` Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով։

1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց։ Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները։ ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.:

1991 թ. մինչև 1999 թ. Կ.Ս. Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը` «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։

Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կ.Ս. Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեության։

1998 թ. նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։

1999 թ. մայիսին Կ.Ս. Դեմիրճյանը ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ` հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։

Կ.Ս. Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը։

Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը` կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ։

Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան։ 27.12.1999 թ.

Սիլվա Կապուտիկյանը Կարեն Դեմիրճյանի մասին. «Կարեն Սերոբիչն ավելի է, քան ժողովրդի սիրեցյալը, Կարեն Սերոբիչն ավելին է, քան կուսակցության առաջին քարտուղարը, Կարեն Սերոբիչն ավելին է, քան Կարեն շինարարը, Կարեն Սերոբիչն ավելին է, քան Ազգային ժողովի նախագահը, Կարեն Սերոբիչն ավելին է, քան ինքը»:

Կարեն Դեմիրճյանի կինը` ամուսնու մասին. «Կարեն Դեմիրճյանը մեծ բարոյականության տեր մարդ էր, լիներ դրսում, թե՛ ներսում, թե՛ ընկերների շրջանում: Եթե ասեմ լավն էր, ուշադիր էր … ծեծված բառեր են, միայն կասեմ, որ նրա մեջ զուգակցվել էին դրական որակները՝ թե՛ մարդկային, թե՛ քաղաքական գործչի: Հենց սա է նրա ֆենոմենի բացատրություններից մեկը»

Լևոն Տեր-Պետրոսյանը Կարեն Դեմիրճյանի մասին. «1974 թվականին, երբ նա դարձավ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար, երեւի միակ դեպքն էր, երբ մեծ խանդավառությամբ ընդունվեց ժողովրդի կողմից: Նախ` երիտասարդ էր, գեղեցիկ տղամարդ, հետո մի բան էլ կար. նա կոմունիստական կուսակցության կոմսոմոլի շկոլայից չէր եկել, այլ արդյունաբերությունից: Գիտեք` կոմկուսի ղեկավարությունը երկու մասից էր բաղկացած, մեկը` կոմսոմոլից, դա այսօրվա արծիվներն են, բազեները, հոկտեմբերիկները, մյուսը` արդյունաբերությունից, տնտեսությունից, գյուղատնտեսությունից: Նրանք բացարձակապես միմյանցից տարբերվում էին: Մեկի մարմնավորումը խորհրդային միության մասշտաբով Կոսիգինն էր, պրոֆեսիոնալ, լուրջ, շատ լուրջ մարդ, որը փորձեց լուրջ բարեփոխումներ իրականացնել, երբ դարձավ խորհրդային միության վարչապետ, մյուսը` Հայաստանի մասշտաբով Կարեն Դեմիրճյանն էր: Կարեն Դեմիրճյանը եւ Կոսիգինը շատ մոտ հարաբերությունների մեջ էին: Մյուս թեւը Բրեժնեւն էր` այդ պալիտռուկների, կոմսոմոլների շղթայով: Եւ ասում եմ, եթե խորհրդային միությունում ռեալ գործ անում էին, այդ տեսակ մարդիկ էին անում` Կոսիգինի, Կարեն Դեմիրճյանի տեսակի մարդիկ»:

Համո Սահյանը Կարեն Դեմիրճյանի մասին գրել է. «Եվ ջանքերիդ համար և հոգսերիդ բազում Բանաստեղծն իր սրտի վերջին խոսքն է ասում. Որպեսզի հար մնար նաիրական ոգին, Քեզ պես հովիվ էր պետք մեր այս անտեր հոտին»:

 


Այս թեմայով