Ամենակարևորն այն է, որ ՀՀ նախագահը կրկին հայտարարեց` Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ քննարկվում էր հոկտեմբերի 16-ին Սարգսյան-Ալիև հանդիպումը:

«Բոլոր դեպքերում, բանակցություններ ունենալն այս վիճակում շատ ավելի լավ է, քան բանակցություն չունենալը, եթե մի կյանք էլ փրկվի դրանից,  արդեն լավ է»,- այս մասին ասաց բանախոս, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ բանախոսի՝ այստեղ, փաստորեն, երկու կողմն էլ գնացել է դասական դիվանագիտության և բանակցային դիվանագիտության տրամաբանության ճանապարհով: Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, որ Հայաստանը գնում է հանդիպման՝ առանց նախապայմանի, սա պարզապես դիվանագիտական կամ հռետորաբանական բլեֆ է:

«Ինքը մասնագիտությամբ դիվանագետ է և շատ լավ գիտի, որ առանց նախապայմանի և առանց պայմանի բանակցություն չի լինում, եթե նույնիսկ այդ մասին չի հայտարարվում: Բա ի՞նչ է, նստում են այնտեղ սո՞ւրճ են խմում: Անպայման կան պայմաններ, նախապայմաններ, այնտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, կա կոշտ մոտեցում, կան և մանևրելու տեղեր»:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի բնորոշմամբ՝ բանակցությունն ունի իր օրենքները և կանոնները, այդ կանոնների մեջ է մտնում նաև բանակցության գաղտնի բլոկը: Եթե չլինի, ապա բանակցությունն իմաստը կորցնում է, եթե քննարկման նյութը մանրամասնորեն  հայտարարվի, ապա դա նույնպես կարող է վնասել գործընթացին:

«Այն, որ նրանք երկու անգամ առանձնազրույց ունեցան, վկայում է այն մասին, որ խոսել են այնպիսի բաների մասին, որ պետք չէր հրապարակել, և պետք էր համաձայնության գալ համանախագահների հետ քննարկելուց հետո»,-պարզաբանեց է Արման Նավասարդյանը:

Նա նկատել է, որ հայտարարության մեջ շատ պարզ ասվում է, որ երկու կողմն էլ գնում է լարվածության թուլացման ճանապարհով, փորձում են դա անել և ամենակարևորն այն է, որ Հայաստանի նախագահը կրկին հայտարարեց, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

 


Այս թեմայով