Home » ՄԱՄՈՒԼ » Աղջիկը ինքնասպանությունից առաջ նամակ է գրել եղբորը

Աղջիկը ինքնասպանությունից առաջ նամակ է գրել եղբորը

սպանՄարտի 1-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ինքնասպան եղած 19-ամյա Սյուզաննա Քոչարյանը արարքից առաջ հորդորել է հարազատներին վաճառել բնակարանը եւ հեռանալ Գորիսից: Ավելին՝ եղբորը գրած նամակում ասել է, թե ինքը շատ սխալներ է գործել եւ երկու բան պետք է անի՝ կա՛մ ինքնասպան լինի, կա՛մ հեռանա Գորիսից:
Ի՞նչ սխալների մասին է խոսքը եւ, առհասարակ, ինչո՞ւ է երիտասարդ աղջիկն ամեն կերպ ցանկացել հեռանալ Գորիս քաղաքից. այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նրա հարազատներից:
Մինչ այդ նշենք, որ Սյուզաննայի հայրը Երեւան-Մեղրի ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու սպանության մեղադրանքով դատապարտված է ցմահ ազատազրկման, իսկ մայրը տարիներ առաջ մահացել էր քաղցկեղից: Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ է, Ղարաբաղյան պատերազմի, Շուռնուխի մարտերի մասնակից: Ու քանի որ նա կալանքի տակ է, Սյուզիի խնամքով զբաղվել են եղբայրը՝ Ֆելիքս Խաչատրյանը, եւ նրա կինը՝ Աննա Աբգարյանը, ով Գորիսի պետական քոլեջում մանկավարժ է աշխատում: Իսկ Սյուզաննան սովորում էր Գորիսի պետական քոլեջի դեղագործական ֆակուլտետում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքնասպան եղած Սյուզաննայի հարսը՝ Աննան, պատմեց, որ նա դեպքի օրը արթնացել է վաղ առավոտյան՝ 8:00-ի սահմաններում եւ գնացել պետքարան, ապա՝ դուրս եկել տանից. «Ավելի ուշ ամուսնուս հեռախոսին հաղորդագրություն եկավ: Բացեցի նամակը, տեսա Սյուզին է գրել: Ամուսինս քնած էր, շտապեցի նրան ասել, թե բացի՛ր նամակը, Սյուզին է գրել: Բացեցինք ու տեսանք. «Ներիր ինձ եղբայր, ես շատ սխալներ եմ գործել ու ունեմ երկու տարբերակ՝ կա՛մ հեռանամ Գորիսից, կա՛մ գնամ մամայիս մոտ: Ընտրում եմ երկրորդ տարբերակը»»:
Մեր զրուցակցի պատմելով՝ այս հաղորդագրությունը կարդալուց հետո ինքը եւ իր ամուսինը` Ֆելիքսը, դուրս են վազել փողոց, ամեն մեկը տարբեր ուղղություներով: «Իմ երկու երեխաներին, որոնցից մեկը 4, իսկ մյուսը 6 տարեկան են, թողել ենք տանը մենակ ու վազել: Անգամ գնացել եմ սկեսուրիս գերեզման»,- պատմեց Աննան՝ հավելելով, թե ավելի ուշ Սյուզաննային գտել են «Թանգու ձոր» կոչվող տարածքում:
Աննայի խոսքով՝ 9 տարեկան հասակում Սյուզաննան գլխի վիրահատության է ենթարկվել. «Շատ ուշադիր էինք նրա նկատմամբ։ Սկեսուրիս մահից հետո ես ու ամուսինս ամեն ինչ անում էինք իր համար` հաշվի առնելով, որ մայրը մահացած է, իսկ հայրը ցմահ ազատազրկված: Լինում էին դեպքեր, երբ նա չպետք է, օրինակ, նման բան աներ, ասում էինք՝ ոչինչ, երեխա է: Իսկ ահա վերջին օրերին ինձ ասաց, թե չի ուզում գնալ դասի: Ասաց՝ ուզում եմ աշխատել: Գիտեք, մի բնավորություն ուներ. շատ շուտ մի բանից ոգեւորվում էր, եւ շատ շուտ էլ հիասթափվում: Ասեցինք թող գնա, դա էլ փորձի: Անցավ մի ժամանակ, եկավ ասեց, թե դա էլ չի ուզում»:
Ըստ մեր զրուցակցի՝ փետրվարի 24-ին ինքն ու Սյուզաննան առանձնազրույց են ունեցել, որտեղ նա ասել է, թե բոլորն իրեն խաբում են, ինքը բոլորից զզվում է եւ այլեւս չի ուզում մնալ Գորիսում. «Ինձ ասաց, թե արի տունը ծախենք, գնանք: Ասեցի՝ Սյուզի ջան, դա մի օրվա հարց չէ, կգնանք: Բարեկամ ունենք Ռուսաստանում, ասեցի՝ զանգահարեմ նրան, գնա մի քիչ այնտեղ մնա: Ինձ ասաց, թե ես կզանգեմ, քանի որ մի րոպե չեմ ուզում մնամ այստեղ, Գորիսում բոլորից զզվում եմ»:
Հարսի պատմելով` Սյուզաննան վերջին ամիսներին սիրահարված է եղել եւ շատ ոգեւորված. «Մի տղայի մասին էր պատմում: Ասում էի՝ այդքան մի ոգեւորվի: Չգիտեմ, դե հիմա տղա է, կարող է մոտեցել է, հետո էլ չի ցանկացել շփվել: Մենք առայժմ չենք հետաքրքրվել, թե նա ով է, բայց կպարզենք: Մեզ համար մի բան է անհասկանալի, թե ինչու էր նա այդքան շատ ցանկանում հեռանալ Գորիսից, ինչ սխալի մասին էր խոսքը»:
Աննան պատմեց նաեւ, որ Սյուզաննայի հայրը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից իմանալով դստեր հետ կատարվածի մասին միայն մի բան է ասել. «Ձեզ ձիգ պահեք: Աստված ձեզ չի պատժում, այլ ինձ է պատժում»: «Բայց մեկ է, մեզ համար մեծ հարցական է՝ ինչու պետք է կյանքով լեցուն աղջիկը, որը ընտանիքում ոչ մի խնդիր չուներ, գնար այդ քայլին: Մենք մինչեւ չպարզենք, չենք հանգստանա: Մեր երեխային մեր ձեռքից տանեն ու չիմանա՞նք, թե ինչու»,-հարցադրեց մահացածի հարսը:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

Դիտվել է 133 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy