Աղետների կառավարման գործում ԱԺ ակտիվ մասնակցությունն օրինակ կլինի նաև մնացած կառույցների համար

Վերջին տարիների ՀՀ ձեռքբերումները աղետի ռիսկի կառավարման ոլորտում տեսանելի և շոշափելի են ինչպես մեր, այնպես էլ միջազգային պլատֆորմներում, ՀՀ ԱԺ-ում ընթացող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը նշեց, որ անհրաժեշտ է դիմակայության մշակույթի զարգացումը, որի համար ավելի լայն աշխատանք է պետք տանել ռիսկերի կառավարման գոտում՝ սկսած իրազեկումից մինչև օրենսդրական դաշտի կարգավորում։

«Դիմակայուն զարգացման հայեցակարգը պահանջում է նոր հանրային օրակարգ ձևավորել՝ օրենսդրական և բյուջետային ֆինանսավորումից հետո խորհրդարանի միջոցով պետություն-հանրություն երկխոսությունը բարձ մակարդակի հասցնելու և արդյունավետ աշխատելու համար», — նշեց նախարարը։

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ աղետների ռիսկերի կառավարման բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար անհրաժեշտ է ԱԺ օգնությամբ բարձրացնել ոլորտի զարգացման պատասխանատուների որակավորումը, ինչպես նաև անհրաժեշտ է թվային կապի կիրառում, վաղ ազդարարման և ժամանակակից համակարգի ներդրում ու զարգացում, փրկարարական և արագ արձագանքման ուժերի կարողությունների զարգացում, շենքերի, շինություններ սեյսմակայունության բարձրացում և այլն։

«Իմ հանձարությամբ արդեն ստեղծված աշխատանքային խումբը ԱԻ փոխնախարարի գլխավորությամբ համապատասխան օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր պիտի մշակի։ Դրանց մի մասն արդեն ներկայացված է գործադիրին և դրանց կյանքի կոչման հարցում կարևորում ենք հատկապես ԱԺ դերը», — ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանական կառավարման պայմաններում այս գործընթացին ԱԺ ակտիվ մասնակցությունը կխթանի, որ մնացած կառույցները ևս շահագրգռված լինեն։

Աղետների կառավարման գործում նախարարը նաև կարևորեց միջազգային և անդրսահմանային կառույցների աջակցությունը։

«Անդրսահմանային և միջազգային աջակցությունը ևս կարևոր է։ Մեր տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած դեպքերը նման համագործակցության կարևորության և արդյունավետության մասին են փաստում», — եզրափակեց խոսքը նա։

 


Այս թեմայով