Աղավնաձորցիները ստիպված կփակեն Երևան-Մեղրի ավտոճանապարհը. նրանց այլ ելք չեն թողնում

Վայոց ձոր մարզի Արենի համայքնի Աղավնաձոր գյուղի բնակիչները շարունակում են իրենց բողոքի ցույցերը՝ Արենի տեսակի խաղողը անցած տարվա գներով մթերելու պահանջով: Խաղողի հիմնական մթերող ընկերությունները երեքն են՝ «Արմենիա վայնը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» և «Վեդի Ալկոն»: Հենց այս երեքն են շուկայում գին թելադրում:

Աղավնաձորցի Արմեն Օհանյանի խոսքով՝ կան ավելի փոքր գործարաններ, ովքեր պատրաստ են գյուղացիներին հարմար գնով մթերել բերքը, բայց չեն մթերում, քանի որ ասում  են՝ «Արմենիա վայնն է գինը որոշում, եթե վերջինս ավելի ցածր գնով է մթերելու, մենք բարձր գնով չենք կարող մթերել:

Նշենք նաև, որ հանդիպում է տեղի ունեցել գյուղացիների և մթերող ընկերությունների ներկայացուցիչների միջև: Վերջիններս ասում են, որ այս տարի բերքը շատ է, և նախորդ տարվա գնով մթերել չեն կարող, խաղողագործներն էլ հակադարձում են, որ խաղողի մշակման այս տարվա ծախսերն ավելի շատ են եղել:

Սա Politik.am-ի հետ զրույցում հաստատում է նաև համայնքապետ Հուսիկ Սահակյանը.

«Գյուղտեխնիկա, վառելիք, բուժանյութեր: Դրանք բոլորը ծախսեր են, որ թանկացել են»:

Համայնքապետի խոսքով՝ Խաղողագործների և մթերող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում որևէ կոմպրոմիսային որոշում չի կայացվել:

Աղավնաձորցի խաղողագործներն ասում են.

«Եթե այս վիճակին լուծում չտրվի, ստիպված կլինենք փակել Երևան-Մեղրի  ավտոճանապարհը: Բայց չենք ուզում նաև խոչընդոտել կառավարության աշխատանքին: Կսպասենք ևս 2 օր, մինչև ավարտվեն Ֆրանկոֆոնիայի օրերը, և եթե մինչ այդ պահը փոփոխություն չլինի, ստիպված կփակենք Երևան-Մեղրի ավտոճանապարհը: Մեզ այլ ելք չեն թողնում»:

Մարիամ Սարգսյան

 

 

Այս թեմայով