ԼՂՀ-ում ահմանադրական բարեփոխումներ կիրականացվեն

2310216521431326042ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի կատարելագործմանը, անմիջական ժողովրդավարության ինստիտուտի հետևողական զարգացմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ կազմավորումից ի վեր հանձնաժողովը կատարել է ծավալուն աշխատանք ու բազմակողմանի ուսումնասիրություններ, կազմակերպել է հանրային քննարկումներ, հաշվի է առնվել սահմանադրական բարեփոխումների իրականացման՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարբեր զարգացած երկրների փորձը, և արդյունքում, ներկայացվել է առաջարկ, որի հիմքում ընկած է նախագահական կառավարման համակարգը:

«Հաշվի առնելով հանձնաժողովի տեսակետը, քաղաքական ուժերի մեծամասնության դիրքորոշումը, մեր տեղեկացված լինելը բնակչության մեծամասնության կարծիքին, որն արտահայտվել է նաև վերջերս անցկացված սոցիալական հարցումների արդյունքում՝ ես ընդունում եմ առաջարկվող տարբերակը ու հավանություն եմ տալիս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և հանձնարարում եմ հանձնաժողովին` մշակել ու սահմանված ժամկետում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով