Ահաբեկչություն Ղրիմի ուսումնարաններից մեկում. կա 10 զոհ, մոտ 50 վիրավոր

Ղրիմիում գտնվող Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում այսօր ուժգին պայթյուն է եղել, որի հետևանքով կան մոտ 1 տասնյակ զոհեր և մի քանի տասնյակ վիրավորներ։

Novayagazeta.ru-ն հաղորդում է, որ Ղրիմի հանրապետական բժշկական կենտրոնից նշել են, որ մահացածների թիվը հասնում է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 50-ի։ Տուժածների վերջնական թիվը, սակայն, դեռևս հայտնի չէ։

Տեղի ունեցածի հիմնական պատճառը համարվում է գազի պայթյունը։ Սակայն, ավելի ուշ Ղրիմի գազային ծառայությունը նշել է, որ ուսումնական հաստատությունում կենտրոնական գազամատակարարում չի եղել։ Կազմակերպությունը չի բացառել, որ հնարավոր է շենքում եղել է գազի բալոն։

Ականատեսները պատմում են, սակայն, որ շենքում օտար մարդկանց են տեսել և լսել են կրակոցի ձայներ։ Novayagazeta.ru-ի հետ զրույցում քոլեջի ուսանող Վլադիմիրը պատմել է, որ պայթյունից առաջ ինքը լսել է մի քանի կրակոցի ձայներ։

Սոցիալական ցանցերում նաև տարածվել է ձայնագրություն, որում մի աղջիկ, ենթադրաբար քոլեջի ուսանողներից, պատմում է տեղի ունեցածի մասին․ «Մեզ վրա կրակեցին։ Մենք սկսեցին փախնել․․․ Ես ձեռքս եմ վնասել։ Մենք վազում էինք, իսկ երեխաները պառկած էին։ Ես տեսա, թե ինչպես մի աղջիկ ընկավ և այլևս չշարժվեց․․․Իմ աչքի առաջ է այդ բոլորը։ Ես չեմ կարողանում հանգստանալ, դողում եմ և վախենում եմ անգամ տանը մնալ»։

Ավելի ուշ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ շենքում չբացահայտված պայթուցիկ սարք է գործարկվել։

Հարուցվել է քրեական գործ։ Քննվում է նաև ահաբեչկության վարկածը։

 

Այս թեմայով