Ալոյանը սպառնում է Փաշինյանին. կառավարությունը կընկրկի՞

Անգամ ամռանը ներքաղաքական կյանքը Հայաստանում կարծես  չի ցանկանում հանդարտվել: Նոր նոր է ձևավորվել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և այն արդեն կանգած է լուրջ խնդրի առաջ: Հարցը վերաբերվում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը և Լիդիան Արմենիա ընկերության գործունեության դեմ հազարավոր քաղաքացիների բողոքին:

Մարդիկ փակել են հանք տանող բոլոր ճանապարհները և մի քանի օր շարունակ պարալիզացրել հանքի աշխատանքը: Ջերմուկ քաղաքի և Ամուլսարի ոսկու հանքի շրջակա բնակավայրերի բնակիչները չեն ցանկանում ապրել մի տարածքում, որը բնապահպանական աղետի գոտի պետք է դառնա: Նրանք արդարացիորեն պահանջում են, որպեսզի կառավարությունը կանգնեցնի հանքի շինարարական աշխատանքները, որոնց հաջորդելու է ոսկու կորզումը, որն արդեն անդառնալի հետևանքներ է թողնելու բնության վրա:

Լիդիան Արմենիա ընկերությունը հասկանալով, որ երկար չի կարող դիմադրել, քանի որ Փաշինյանի կառավարությունը իշխանության է եկել ժողովրդական պայքարի արդյունքում ու չի կարող անտեսել Ամուլսարի հանքի շահագործման դեմ դուրս եկած հազարավոր քաղաքացիների բողոքի ձայնը: Ահա սա է պատճառը, որ ընկերությունը փորձում էր վերջին մի քանի օրերի ընթացքում անվանարկել պայքարի դուրս եկած քաղաքացիներին: Փորձում էր ներկայացնել այնպես կարծես բողոքող քաղաքացիները այլ ընկերությունների պատվեր են կատարում: Այս հնարքը իր օգուտը չբերեց և Լիդիան Արմենիա ընկերությունը հիմա փորձում է սպառնալ ՀՀ կառավարությանը: Երեկ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարել է, որ եթե իրենց ընկերության ծրագիրը չստացվի, ապա այլ ներդրողներ չեն գա Հայաստան. «2008 թվականից Լիդիան Ինթերնեյշոնալ ընկերությունը ցուցակագրված է Տորոնտոյի միջազգային բորսայում, դա նշանակում է, որ մենք չունենք մեկ բաժնետեր, մենք ունենք բազմաթիվ ինստիտուցիոնալ  բաժնետերեր՝ օրինակ, Եվրոպական բանկը, Royal Bank of Canada, Royal Bank of Scotland,  Amber Capital և բազմաթիվ այլ խոշոր կազմակերպություններ, որոնք հիմնական  բաժնետեր են, նաև  ունենք բազմաթիվ  սեփականատեր անձինք, ովքեր ձեռք են բերել արժեթղթեր՝ իմանալով Ամուլսարի ծրագրի և հետագայում դրանից ակնկալվող շահույթի մասին: Ընկերությունը  տարեկան ունենում է 250-300 ծրագրի ներկայացում՝ տարբեր միջազգային կոնֆերանսներում տարբեր ընկերություններին, որոնք կարող են հետագայում ձեռք բերել արժեթղթեր և այլն, ներկաայցնում է ծրագիրը: Երբ մենք ներկայացնում ենք ծրագիրը, մինչև ներկայացնելը, մենք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, քանի որ ՀՀ-ն հայտնի չէ  աշխարհում, իսկ որպես ներդրումային երկիր՝ էլ ավելի հայտնի չէ: Մենք նախ ներկայացնում ենք ՀՀ-ն, օրենքները, ներդրումային վարկանիշը, դրական օրինակները: Այսօր ՀՀ-ն չունի դրական օրինակ առ այն, որ միջազգային ընկերությունը եկել է, այնուհետև ստացել է շահույթ իր իրականացրած ներդրումներից: Մենք միակ ընկերությունն ենք, որը հայտնաբերել է ծրագիրը, ներդրում է իրականացրել երկրաբանական հետախուզում, շինարարություն անելու վրա և եկել հասել ենք այն շեմին, որ աշնանը նոր  պետք է ոսկու կորզում կատարենք: Աշխարհում հետևում են Լիդիանին և ոչ միայն հանքարդունաբերական ընկերությունները, այլ բոլոր ոլորտների ներկայացուցիչները հետաքրքրված են, թե ինչպիսին է ՀՀ-ի վերաբերմունքն իր ներդրողի նկատմամբ: Սա է շատ կարևոր, և երբ մենք տալիս ենք ինֆորմացիա, որ ծրագրի հետ խնդիր կա, որը ֆինանսական չէ, այլ զուտ քաղաքական է կամ այլ պատճառներով, շուկան շատ ուշադիր է այդ  ինֆորմացիային: Սա միանշանակ ազդում է Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, ներդրողները զգուշանում են և  գումար չեն ներդնում Հայաստանում, քանի որ կան այլ բազմաթիվ երկրներ, որոնք ավելի բաց են և կարողանում են ներդրողներին երաշխիքներ տալ և ապահովել դրանք»,-հայտարարում է Ալոյանը:

Փաստորեն Լիդիան Արմենիան փորձում է սպառնալիքի միջոցով ստիպել ՀՀ կառավարությանը, որպեսզի նա ընդառաջ չգնա ՀՀ հազարավոր քաղաքացիների օրինական պահանջին: Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչպիսի՞ քայլերի կգնա Փաշինյանի կառավարությունը՝ արդյո՞ք կկանգնի Հայաստանի բնությունը քանդող ընկերության կողքին, թե՞ կկարևորվի իրենց իշխանության բերած ժողովրդի արդարացի պահանջը:

Այս թեմայով