Home » Real Politik » Ալկոհոլ օգտագործած վարորդները քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել

Ալկոհոլ օգտագործած վարորդները քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել

arpineԿառավարությունն այսօր հավանություն տվեց երթևեկությանը վերաբերող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի փաթեթին, որոնք վերաբերում են տեսանկարահանող սարքերի կողմից արձանագրվող խախտումներին, օտարերկրացիների կողմից երթևեկության խախտումներին և այլն:

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, փոփոխություններն իրականացվել են ՀՀ Նախագահի հանձնարարականով և վերաբերում են հետևյալ հարցերին.

«Առաջին՝ միտում չպարունակող նվազ նշանակություն ունեցող տուգանքների փոխարինում նախազգուշացմամբ: Առաջարկում ենք մի շարք խախտումների համար, օրինակ՝ խաչմերուկների հատման կանոնները խախտելը, գծանշումների պահանջները խախտելը և օրենքում նշված ևս մեկ տասնյակից ավելի խախտումների դեպքում հնարավորություն ընձեռել, եթե դրանք միտում չեն պարունակել, վթարային իրավիճակ չեն ստեղծել, դիտավորություն չեն ունեցել, չկիրառել տուգանք, այլ կիրառել նախազգուշացում»,-ասաց նա:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում այն դեպքերին, երբ իրավախախտը կվերացնի խախտումը տեղում, ինչը հնարավորություն կտա չտուգանվել:

«Օրինակ, տեխնիկական զննության՝ ուժի մեջ գտնվող կտրոնը գտնվում է վարորդի մոտ, սակայն փակցված չէ մեքենայի դիմապակուն, եթե վարորդը տեղում խախտումը կվերացնի, ապա առաջարկում ենք չտուգանել»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև վեց ամսով երկարաձգել վարչական իրավախախտումների տուգանքների նկատմամբ սահմանված համաներումը:

«Մենք 2014թ դեկտեմբերին ընդունեցինք օրենք, որով 6 ամսյա ժամկետում քաղաքացիներին հնարավորություն տվեցինք, որպեսզի վարչական իրավախախտումների դեպքում վճարեն միայն մայր գումարը, սակայն քաղաքացիներից շատերը չեն կարողացել վճարել»,-ասաց նա:

«Բարդացրել ենք կեղծված համարանիշերով մեքենաներ վարելու համար նախատեսված պատասխանատվությունը, պահանջի կրկնակի խախտումից հետո նախատեսվում է զրկել վարորդական իրավունքից։ Երկրորդ՝ օտարերկրացի վարորդները սահմանին կտեղեկացվեն, որ եթե մեկ տարվա ընթացքում չվճարեն վարչական տուգանքները, ապա մեկ տարով չեն կարողանա հատել սահմանը»,-ասաց նախարարը:

Խստացվում է սահմանված պատիժը նաև ալկոհոլ ընդունած վարորդների համար.«Ողբերգական ավարտ ունեցող վթարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեծամասամբ վարորդները լինում են ոչ սթափ վիճակում: Բարձրացնում ենք պատասխանատվությունը, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն, կրկնակի վարչական տուգանքից հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում»,-ասաց նա:

 

Դիտվել է 220 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy