Ալիևը ստիպված էր մեկնել Ժնև և բանակցություններ վարել Հայաստանի նախագահի հետ

«Առավոտ»-ը վերլուծականում անդրադառնալով Ադրբեջանում առկա ներքին և արտաքին խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, գրել է. «Ընդհանուր առմամբ այսօր Իլհամ Ալիևը հիշեցնում է անկյուն քշված գազանի, ումից կարելի է սպասել ամեն ինչ: Բայց խնդիրն այն է, որ այդ գազանն ամենևին էլ զորեղ չէ: Ճիշտ է՝ Ալիևն ու իրեն սպասարկող քարոզչամեքենան վստահ էին, որ տարիներ շարունակ տասնյակ միլիարդավոր դոլարներ կլանած բանակն ի զորու կլինի անհրաժեշտ պահին Արցախյան հակամարտության գոտում սադրանքով ձեռք մեկնել Ալիևին ու ընտանիքին՝ օգնելով դժգոհ հասարակությանը մոբիլիզացնել ընդդեմ արտաքին վտանգի և միջազգային գործերում գործոն դառնալ: Սակայն իրողությունները միանգամայն այլ են. Ադրբեջանի բանակը ոչ միայն ոչ մի որակական առավելություն չունի Հայաստանի ու Արցախի զինված ուժերի նկատմամբ, այլև շատ կարևոր սեգմենտներում զիջում է:

Խոսքն ամենևին էլ միայն «Իսկանդերն» ու Բագրատյանի ունեցած միջուկային զենքը չեն: Խոսքը շատ ավելի լուրջ սպառազինությունների ու տեխնոլոգիաների մասին է, որոնք ռազմա-քաղաքական բալանսը շեղում են դեպի հայկական կողմ: Եվ այն, որ տանկերի, ինքնաթիռների կամ հրետանու առանձին միջոցների քանակով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին, ամենևին էլ չի նշանակում, որ Բաքուն առավելություն ունի: Առավելություն ունի նա, ով ավելի լավ է զինված իր առջև դրված խնդիրը լուծելու համար, իսկ այս հարցում Իլհամ Ալիևն ինքն էլ գիտի իրերի իրական վիճակը:

Ահա հենց այս ֆոնին էլ նա ստիպված էր մեկնել Ժնև և բանակցություններ վարել Հայաստանի նախագահի հետ: Ճիշտ է, նա երկրի ներսում պատրանք է ստեղծում, թե իբր հաղթողի դիրքերից է հանդես գալիս, բայց հոգու խորքում հասկանում է, որ անկյուն է քշված: Իսկ թե ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը, դժվար է ասել: Ադրբեջանցի փորձագետները, մասնավորապես Լեյլա Յունուսը վստահ է, որ երկրի հետագա ճակատագիրը դասավորվելու է Սիրիայի պես: Քանի դեռ չհռչակված միապետության շրջանակներում իշխանությունը փոխանցվում է հորից որդուն, հասարակությունը ռադիկալիզացվում է, ինչի արդյունքը բազմազգ երկրի ֆրագմենտացիան է: Չի բացառվում՝ արյունահեղությամբ»:

 


Այս թեմայով