Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին ԼՂ հարցում դիրքորոշման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման համար: Այս մասին Ալիևը հայտնել է Մինսկում Լուկաշենկոյի հետ կայացած բանակցություններից հետո:

Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրենց դիրքորոշումը Բելառուսի և Ադրբեջանի նախագահներն արտացոլել են բանակցությունների արդյունքում ստորագրված համատեղ հայտարարությունում:

Փաստաթղթում նշվում է, որ «կողմերը, հաշվի առնելով ԵԱՀԿ-ի շրջանակներում շարունակվող ջանքերը, ինչպես նաև Մինսկի խմբի գործունեությունը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընդգծում են այդ ուղղությամբ հետագա քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը»:

Ալիևը և Լուկաշենկոն հայտարարության մեջ նաև ընդգծել են հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման կարևորությունը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին (առաջին հերթին պետությունների սուվերեն հավասարության, սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության), ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և ԵԱՀԿ որոշումներին համապատասխան:

Այս թեմայով