Ալեքսան Հարությունյանը վերադառնո՞ւմ է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման վերջին տարին է:

2013 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ջաղինյանը վեց տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ ապա, մարտի 5-ին խորհրդի նախագահ։

Այժմ կարծիք կա, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վերադառնալու է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնին. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2003-2013 թվականներին:

Տեղեկության իսկության վերաբերյալ Ալեքսան Հարությունյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան, նախագահի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:

«Հայկական ժամանակ»-ը զրուցեց Ռուբեն Ջաղինյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք ցանկություն ունի հնարավորության դեպքում ևս վեց տարի վերընտրվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում:

Վերջինս նշեց, որ աշխատելու ցանկություն միշտ ունի, հատկապես, երբ գործում տեսնում է համընթաց զարգացում և ձեռքբերումներ։

Ջաղինյանը նաև նշեց, որ ինքն էլ է լսել Ալեքսան Հարությունյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ վերադառնալու մասին տեղեկությունները: «Նման քննարկումներ միշտ էլ լինում են, հատկապես յուրաքանչյուր պաշտոնի ժամկետի ավարտին, կամ դրա սկզբին, ես դրանք բնական եմ համարում»,- ասաց խորհրդի նախագահը:

Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ի սկզբանե ծանր են տարել: Նրա հետ առնչություն ունեցող հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք կարծելով, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, սկսել են «ճամպրուկները հավաքել»:

Հիմա թե Ջաղինյանի վերընտրվելու և թե Ալեքսան Հարությունյանի վերադարձի դեպքում Հ1-ում, թերևս, ոչինչ էլ չի փոխվելու: Խորհրդի նախագահը շարունակելու է պահպանել «անգլիական թագուհու» կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը՝ նախագահական նստավայրի անմիջական վերահսկողության ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով