ԱԺ-ում ամենաշատ դեմ քվեարկողները «ԵԼՔ»-ի պատգամավորներն են

Parliamentmonitoring.am կայքն ամփոփել է 6-րդ գումարման Ազգային ժողովի 6–ամսյա գործունեությունը՝ ամենաակտիվ պատգամավոր, ամենաշատ բացակայած, ամենաշատը կողմ քվեարկած և այլ չափորոշիչներով:

Ամենաակտիվ պատգամավորների եռյակը, համաձայն կայքի ուսումնասիրության, գլխավորում է «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը. այս ընթացքում ունեցել է 65 ելույթ կամ հարց տվել, երկրորդ տեղում՝ Նիկոլ Փաշինյանն է, երրորդ տեղում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն է: Հնգյակը ամփոփում են, համապատասխանաբար, «ԵԼՔ»-ից Մանե Թանդիլյանը և  «Ծառուկյան» խմբակցությունից՝ Սերգեյ Բագրատյանը:

Ամանաշատ բացակայած պատգամավորների հնգակում Գագիկ Ծառուկյանն է (137), նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, (79), երրորդ տեղում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է, (76), չորրորդում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը (71), հինգերորդում՝ դաշնակցական Աղվան Վարդանյանն իր 58 բացակայություններով:

Ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորների հնգյակում բացառապես «Ծառուկյան» խմբակցության անդամներ են: Իրենց քվեարկություններով 8-ական, առաջին տեղում են՝   Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Բոստանջյանը, երկրորդ տեղում Վահան Կարապետյանն է, երրորդ տեղը կիսում են Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը՝ իրենց 7-ական ձեռնպահ քվեարկություններով:

Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորների հնգյակում «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներն են: Հնգյակը գլխավորում են Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանն իրենց 30 դեմ քվեարկություններով, երկրորդ տեղում Արտակ Զեյնալյանն է, երրորդում՝ Նիկոլ Փաշինյանը, չորրորդում՝ Գևորգ Գորգիսյանը:

Ամենաշատ կողմ քվեարկողների հնգյակում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներն են: Ըստ որում՝ ՀՀԿ հնգյակում բոլորն առաջին տեղում են իրենց 134 կողմ քվեարկություններով. խմբակցության ղեկավար և քարտուղար Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Մելիքյան,, Ավետ Սարգսյան, Սամվել Նիկոյան, Գրիգոր Ավալյան:

 


Այս թեմայով