ԱԺ-ն միասնաբար անտեսում է եզդիների ցեղասպանության փաստը

SharmazanovԱմիսներ առաջ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային Ժողով էր ներկայացրել հայտարարության նախագիծ,որը դատապարտում էր Օսմանյան կայսրությունում եզդիների, հույների, ասորիների և այլ ազգային-կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը: Հանրապետական խմբակցության ջանքերով այս հայտարարության նախագիծը մերժվեց: Մերժումը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիմնավորեց նրանով, որ նշված հայտարարությունը արտաքին քաղաքականության մասով շահեկան չէ Հայաստանի համար:
Եվ ահա որոշ ժամանակ անց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հեղինակում է գրեթե համանման հայտարարության նախագիծ, որի հիմնական տարբերությունը պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծից այն էր, որ բացակայում էր եզդիների ցեղասպանության հիշատակումը: Նման պահվածքը Հայաստանի եզդի համայնքի համար անհասկանալի է և զարմացնող: Ինչու՞ է ԱԺ-ն մոռացության մատնում նույն կայսրության տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Հայտնի է, որ մինչև 1914 թվականը, Օսմանյան կայսրության տարածքում բնակվող 200 հազար եզդի ընտանիքներից կարողացան փրկվել միայն 14 հազարը և հետագայում էլ եզդիները շարունակվեցին հալածանքների ենթարկվել՝ հայ փախստականներին իրենց տներում պահելու մեղադրանքով: Ինչու՞ է Հայաստանի օրենսդիրը մոռանում այս փաստերի մասին և մի՞թե եզդիների ցեղասպանության հանգամանքն էր ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից ոչ ձեռնտու:
<Սինջար եզդիների ազգային միավորում> հասարակական կազմակերպությունը դատապարտում է օրենքի համահեղինակ պատգամավորների վերաբերմունքը առ եզդի ժողովուրդ և կոչ անում նշված հայտարարության նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ հակառակ պարագայում մենք այն կընկալենք, որպես խտրականություն եզդի ժողովորդի նկատմամբ:

Դիտվել է 231 անգամ
 


Այս թեմայով