ԱԺ ներկայացուցիչը անգրագիտության պատճառով խայտառակ է եղել

MG_6828ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը երեկ ՍԴ-ում աչքի է ընկել իրավական իր «գիտելիքներով» ու մասնագիտական «պատրաստվածությամբ»: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն»-ը:

ՍԴ-ում քննարկվում էր Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը, եւ այնտեղ որպես պատասխանող կողմ, որպես ԱԺ ներկայացուցիչ գործուղվել էր Հայկ Սարգսյանը։

ՍԴ անդամներից Կիմ Բալայանը հայտարարեց, թե ինքը հարց ունի պատասխանող կողմին, բայց՝ Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե «Չեմ պատրաստվել, հարցերին պատասխանելու համար կարող ենք հետաձգել դատը»։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խորհուրդ տվեց նախ լսել հարցը. «Քանի որ ես չգիտեմ պարոն Բալայանի հարցերի բովանդակությունը, խորհուրդ կտամ լսել, գուցե դրանց պատասխանելու համար պետք չէ պատրաստվել»։ Բալայանն էլ հնչեցրեց այն. «Նշել եք, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում հարցի չքննարկումները պայմանավորված են ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով, կարո՞ղ եք վկայակոչել մի իրավական ակտ, որի հիման վրա նման պատասխան եք ներկայացրել»։ «Չեմ կարող պատասխանել»,- կարճ-կոնկրետ ասաց ԱԺ իրավաբանական վարչության պետը։ «Իսկ եթե ժամանակ տրամադրենք, կարո՞ղ եք պատասխանել»,- զարմացավ Բալայանը։ «Չեմ կարող, չեմ պատրաստվել»,- համառեց երիտասարդը։

Փաստորեն, պետք է արձանագրենք, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարան էր գործուղել մարդու, որը չէր կարող պատասխանել անգամ ամենատարրական հարցին, ասել է թե՝ պարզապես կոմպետենտ չէ։ Իսկ դա հերթական անգամ հիմնավորում է տեսակետը, որ Հայկ Սարգսյանն ԱԺ վարչության պետ է դարձել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկը լինելու շնորհիվ։ Իհարկե, չի բացառվում, որ ԱԺ-ի կողմից ՍԴ ուղարկված պատասխանի տեքստի հեղինակը Հրայր Թովմասյանն է, եւ Հայկ Սարգսյանը ՍԴ անդամի հարցերին չի պատասխանել, որպեսզի հանկարծ «գծից դուրս չգա» ու անհարմար դրության մեջ չդնի իր ղեկավարին։ Բայց դա, իհարկե, չի խանգարում Հայկ Սարգսյանին, որ ԱԺ պատգամավորների հեղինակած օրենքների եզրակացությունները ներկայացնելիս դուրս գա օրենքով վերապահված լիազորություններից ու փաստաթղթերում իր «հեղինակավոր» կարծիքն արտահայտի` հարուցելով անգամ ՀՀԿ-ական պատգամավորների լուրջ զայրույթը։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 527 անգամ
 


Այս թեմայով