ԱԺ հանձնաժողովի նիստը չկայացավ. զինծառայությանը վերաբերող վիճահարույց օրինագծերը կքննարկվեն նոյեմբերի 13-ին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր զինծառայության վերաբերող վիճահարույց օրինագծերը, այսօր չկայացավ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ հանձնաժողովի անդամները բացակայում են և քվորում չկա, ինչը նշանակում է, որ նիստը պետք է հետաձգվի։

«Հարցը կքննարկվի երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին կայանալիք հանձնաժողովի նիստում», — հայտարարեց Սարգսյանը։
Նիստին չէին ներկայացել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։ ՊՆ-ից ներկա էր փոխնախարար Արտակ Դավթյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ հանձնաժողովի նիստին պետք է քննարկվեր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչպես նաև ուսանողության բողոքը հարուցած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցման ռեժիմով ներկայացնելու համար։
Մինչ նիստը հետաձգելու մասին հայտարարելը, ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող երիտասարդները խնդրել էին ներկա լինել ԱԺ հանձնաժողովի նիստին, սակայն Ալիկ Սարգսյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը արգելում է կողմնակի անձանց ներկա լինել նիստին։
Երբ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ եղել են նիստեր, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ներկա եղել են նիստին, Ալիկ Սարգսյանը պնդեց, որ ինքը իրավունք չունի որևէ մեկին հրավիրի նիստին։
«Ես չեմ գտնում, որ այդ առաջարկություններն այստեղ հնչեցնելը նպատակահարմար է։ Պետք չէ հանձնաժողովի նիստը վերածել միտինգի», — ասաց Սարգսյանը։
 


Այս թեմայով