ԱԺ կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը, իսկ ՀՀԿ-ի հարցը շատ անորոշ է. «GALLUP»-ի ներկայացուցչի հարցման արդյունքները

«Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որ դաշինքը կամ կուսակցությունը քանի՞ քվե կհավաքի» հարցման արդյունքներն այսօր  ներկայացրեց  «GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը:

Ըստ այդմ՝ քաղաքական ուժերը կստանան հետևյալ քանակով հարցերը. «Իմ քայլը»՝ 69.4 %, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, «Մենք»՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%,  Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն՝ 0.0%: Ըստ նրա՝ հրաժարվել է պատասխանել հարցմանը մասնակցածների 8.7 %-ը, իսկ դժվարացել է պատասխանել 7%-ը:

«Նախընտրական ճեպընթաց՝ վերջին կանգառ» հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-4-ը, մասնակցել է 1100 քաղաքացի: Սխալմունքը 3 տոկոսի սահմաններում է: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով:

Արամ Նավասարդյանը նշեց, որ հաշվի առնելով սխալանքն ու պատասխանել հրաժարվածներին, ԱԺ կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», իսկ ՀՀԿ-ի հարցը շատ անորոշ է:

Արամ Նավասարդյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%–ը, իսկ 91,4 տոկոսը տեղյակ է եղել նաև, թե որ օրն է լինելու ընտրությունը:

Թե ովքեր են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 86.6%-ը նշել է «Իմ քայլին», 63.4 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 55.5 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 42,3 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ին, 34,5 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 29,4 տոկոսը՝ ՕԵԿ-ին, 17,4 տոկոսը՝ «Սասնա ծռերին», 17 տոկոսը՝ «Մենք» դաշինքին, 6,9 տոկոսը՝ ՔՈ կուսակցությանը, 7,5 տոկոսը՝ ՔԺՎԿ-ին և Ազգային առաջընթաց կուսակցություն՝ 2,5 տոկոսը:

Ընդ որում, այս առումով ամենամեծ աճը գրանցել է «Լուսավոր Հայաստանը»:

Քաղաքացիների 66,8 տոկոսը նշել է, որ հետևում է քարոզարշավին, իսկ 33,2 տոկոսը՝ որ չի հետևում:

Հարցին, թե մասնակցելո՞ւ եք ընտրություններին, հարցման մասնակիցների 75,5 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է: «Ավելի շուտ մասնակցելու եմ» պատասխանը տվել է հարցվածների 14,6 տոկոսը, «ավելի շուտ չեմ մասնակցելու» տարբերակն ընտրել է 2,7 տոկոսը և հաստատ չի մասնակցելու 5,7 տոկոսը:

Արամ Նավասարդյանի խոսքով՝ իրենց կանխատեսումներով շուրջ 75 տոկոսը կմասնակցի ընտրություններին:

Այս թեմայով