ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները հանդիպեցին ԵՄ պատվիրակության հետ

231605091383226143Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բյուրոյի առաքելության ծրագրի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ԵՄ ներկայացուցիչների՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ պարոն Միլան Ցարբնոխի, հանձնաժողովի քարտուղար պարոն Ֆիլիպ Կամարիսի, քաղաքական խմբի խորհրդական պարոն Վոյչեկ Յան Դանեցկիի հետ: Խորհրդակցությանը ներկա էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և քարտուղար Թևան Պողոսյանը: Զարուհի Փոստանջյանը կարևորեց ԵՄ-ի հետ հարաբերությունները հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի դե-ֆակտո նախագահի՝ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարվեց, որ ցանկություն կա միանալու Մաքսային միությանը: «Մենք գիտակցում ենք, որ Մաքսային միությանը անդամակցելը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությանը և հակասում մեր Սահմանադրությանը: «Ժառանգությունը» դեմ է արտահայտվել Հայաստանի համար իշխանությունների կողմից նախաձեռնված նման հեռանկարին: Դա նշված է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ սեպտեմբերի 4-ին արված հայտարարության մեջ, կուսակցության սեպտեմբերի 23-ի եւ հոկտեմբերի 15-ի հայտարարություններում, այդ մասին հնչել է նաև սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ: Գտնում ենք, որ այս որոշման համար պատասխանատվություն են կրում նաև որոշ եվրոպական կառույցներ, որոնք աչք փակեցին Հայաստանում փետրվարի 18-ին նախագահական ընտրությունները իշխանությունների կողմից կեղծելու և իշխանության բռնազավթման փաստի վրա: Իհարկե, մենք կարծում ենք, որ պայքարը դեռ առջևում է և մեր երկրի հազարամյակների պատմության մեջ վերջին 20 տարվա ընթացքում վերականգնած երկու պետությունների ինքնիշխանությունը մենք թույլ չենք տալու որևէ ապօրինի իշխանությանը հանձնել որևէ այլ պետությանը կամ վերպետական միավորմանը»:

Թևան Պողոսյանը նշեց, որ իր կարծիքով Մաքսային Միության ծրագիրը չի կայանալու և կոչ արեց, որ ԵՄ երկրները և եվրոպական բոլոր հնարավոր կառույցներն օգնեն Հայաստանին, բաց լինեն Հայաստանի՝ ոչ թե իշխանությունների, այլ հատկապես հայ ժողովրդի համար:

Անդրադարձ կատարվեց նաև վերջերս իշխանությունների կողմից «Ժառանգության» հանդեպ սկսված քաղաքական հետապնդումներին, մասնավորապես՝ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը հեռացվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմից: Բացի այդ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հաշվեհարդարների կոչեր են հնչել՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղված իր հարցից հետո, որի վերաբերյալ ոստիկանությունը, թեև որոշ միջոցներ է ձեռնարկել, սակայն այդ անձինք դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել:

Կողմերը ողջունելի համարեցին համագործակցության փոխադարձ պատրաստակամությունը: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հայտնեցին, որ տեղյակ են՝ Հայաստանում իշխանությունների լեգիտիմության խնդրին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին հետևողական լինել «Ժառանգություն» խմբակցության նկատմամբ խտրական մոտեցման հարցում:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով