ԱԺ ընտրություններից հետո ուղղակի գույություն չուներ քաղաքական դաշտ. Էլինար Վարդանյան

Politik.am-ը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և առաջիկա քաղաքական զարգացումների վերաբերյալ զրուցել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի հետ:

-Տիկին Վարդանյան Հայաստանում ի վերջո տեղի ունեցավ հեղափոխություն: Տարիներ շարունակ դուք ևս պայքարել եք Հայաստանում առկա անարդարության մթնոլորտի դեմ: Հիմա կարծես այդ մթնոլորտը փոխվում է: Ի՞նչ սպասումներ ունեք առաջիկայում: Ի՞նչ կփոխվի Հայաստանում:

Երկար տարիներ Հայաստանը գտնվում էր կայուն լճացման շրջանում, որտեղ իշխում էր կենցաղային մտածելակերպով վերնախավը, որտեղ կար չարված և չարվող գործերի հսկայական օրակարգ, որտեղ տիրում էր սոցիալական անարդարություն, կեղծվող ընտրություններ, սոցիալական ծանր վիճակ, անվստահելի արդարադատության համակարգ.. և այս ցանկը կարելի է անսպառ շարունակել: Յուրաքանչյուր հաջորդող ընտրություն գալիս էր ապացուցելու, որ խեղված ընտրական համակարգը հնարավորություն չի տալիս ընտրության արդյունքներում ձևավորել վստահելի, լեգիտիմ իշխանություն: Եվ այս պարագայում փոփոխությունների ակնկալիք ունենալը միամտություն էր թվում:

Այսօր փոփոխություններն ու փոփոխությունների հնարավորությունը ամենամեծ ձեռքբերումն է, որ արձանագրել է պետությունը: Հասկանալի է, որ շոշոփելի փոփոխությունների համար ժամանակ է անհրաժեշտ: Բայց միևնույն ժամանակ կան օրակարգային հարցեր, որոնց վերաբերյալ հասարակությանը պետք է տրվեն պատասխաններ։ Ես չեմ ուզում հիմա մեկ առ մեկ թվարկել։ Օրեր առաջ մեր կազմակերպությունը ՝ Այլընտրանքային նախագծեր խումբը, ներակայացրեց հանրային օրակարգի մի ցանկ, որոնք գոյացել են տասնամյակների ընթացքում և որոնց  պատասխանները ակնկալվում էին ստանալ միայն իշխանափոխությունից հետո։: Այդ հարցերի պատասխանները յուրաքանչյուր քաղաքացի կապում էր նոր հնարավոր իշխանության հետ:

Կառավարությունը շատ արագ պետք է կազմի իր համար տեսանելի ժամկետներում լուծվող հարցերի ցանկ և սկսի աշխատել այդ ուղղությամբ:

-Խոսվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով, ե՞րբ պետք է դրանք անցկացվեն, որպեսզի ԱԺ կազմը արտացոլի ժողովրդի իրական տրամադրությունները:

Այսօրվա կառավարության գերխնդիրներից մեկն էլ արտահերթ, ազատ, արդար ընտրությունների նախապատրաստումն է։ Այսօրվա իշխանություն և քաղաքական մեծամասնություն հարաբերակցությունը դրա հրամայականն են: Հասկանալի է, որ արտահերթ ընտրությունները հստակ քայլերի, օրենսդրական, ինչու չէ, նաև Սահմանադրության առանձին հոդվածների փոփոխությունների, տեխնիկական լուծումների, պաշտոնանկությունների, նոր նշանակումների և բնականաբար երկրում համապատասխան մթնոլորտ ապահովելու ճանապարհային քարտեզ է։ Հետևաբար միայն այս քայլերից յուրաքանչյուրին լուծում տալուց հետո է, որ հանարավոր է խոսել արտահերթ ընտրությունների մասին: Միևնույն ժամանակ արտահերթ ընտրությունները կարող են և պետք է կազմակերպվեն Սահմանադրությանը համապատասխան, որպեսզի դրանց լեգիտիմության վերաբերայլ հերթական անվստահության ալիքը չբարձրանա:

-Տիկին Վարդանյան 2017 թվականի ընտրություններից հետո դուք կարծես պասիվացել եք ներքաղաքական կյանքում: Առաջիկա ընտրություններին ինչպիսի՞ն կլինի ձեր մասնակցությունը: Մասնակցության ինչպիսի՞ ձևաչափ է քննարկում ձեր կուսակցությունը:

Ինչ վերաբերում է պասիվությանը, ապա որևէ կերպ համամիտ չեմ։ ԱԺ ընտրություններից հետո ուղղակի գույություն չուներ քաղաքական դաշտ, երկրում չկար քաղաքականություն։ Ինչի ամենավառ ապացույցը թավշյա հեղափոխությունն է։ Երբ ամենափոքրաթիվ խմբակցության մեկ երրորդը կարողացավ իշխանություն վերցնել։ Սա նշանակում է, որ նախկին քաղաքական դաշտը սպառվել է՝ հին դեմքերը, հին կուսակցապետերը, հին կուսակցությունները, չնչին բացառություններով, արդեն պատմություն են։ Ինչի համար ես անկեղծ ուրախ եմ։

Իսկ ես անձամբ իմ ընկերների հետ մեկ տարի շարունակ Այլընտրանքային նախագծեր խմբի ձևաչափով հանդես եկանք մի շարք այնպիսի  առաջարկներով ու նախագծերով, որոնք մինչ այսօր օրակարգում են և պատիվ կբերեն ցանկացած իշխանության՝ դրանք իրականացնելու դեպքում։

Առաջիկա ընտրություններին, ամենայն հավանականությամբ ես ու իմ ընկերները մասնակցելու ենք։ Վստահ եմ առաջիկայում ստեղծվելու են նոր առաջադիմական խոշոր դաշինքներ և այլ միավորումներ։ Երկրի շահն է ուղղակի դա պահանջում, ու նաև հասարակության լայն շերտերի մասնակցելիության խնդիրն է ստիպելու գնալ այդ ուղղությամբ։ Հուսամ այս անգամ չի հաղթի փողը, վարչական ռեսուրսը,  թաղի տղեն ու հասարակության անտարբերությունը։ Մենք նման ընտրությունների պատրաստ ենք։

Զրուցեց՝  Բորիս Մուրազին

Այս թեմայով