Աթամբաևը հուշում է, որ Սերժ Սարգսյանը դեռ ժամանակ ունի

TIME  պարբերականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո, զրուցել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ։ Ղրղզստանի առաջնորդը խոսում է Ղրղզստանում հաստատված դեմոկրատական կարգերի, Պուտինի հետ ունեցած ընկերական հարաբերությունների, Ղրղզստան-ԱՄՆ հարաբերություների բարդությունների և Իսլամական աշխարհում դեմոկրատիայի կարևորության մասին։

Աթամբաևի այս հարցազրույցը իսկապես բացահայտում էր շատերի համար: Նա ի ցույց նախկին խորհրդային միության մի շարք երկրների ղեկավարների ցույց տվեց, որ պետք չէ կառչած մնալ աթոռին և որ պետք է ժողովրդին ընտրելու հնարավորություն տալ.«Առաջին՝ մենք երկրում հասել ենք խաղաղության, միասնության ու կայունության։ Երկրորդ՝ մենք արթնացրել ենք մարդկանց ոգին, ազգային ինքնագիտակցության զգացողությունն ու հավատն ապագայի նկատմամբ։ Հիմա մարդիկ այլ վերաբերմունք ունեն, նրանք իրենց մեջ կրում են մեր ժողովրդի հազարամյա արմատները։ Եվ ամենակարևորը՝ մենք օգնեցինք մարդկանց հասկանալ, որ հենց իրենք պետք է որոշեն իրենց ապագան։ Իսկ վերջում նշեմ, որ մենք անցկացրել ենք բացարձակ արդար ընտրություններ։ Մենք այժմ ընտրություններ ենք անցկացնում ընտրողների բիոմետրիկ տվյալների նույնականացման միջոցով։ Խարդախություն ընտրություններում, ինչպես ԱՄՆ-ում եղավ, Ղրղզստանում հնարավոր չէ։

Եվ վերջին մի քանի տարիներին պետական պաշտոնյաներն ու իշխանությունները սկսել են հարգել ու լսել հանրության տեսակետը, նույնիսկ սկսել են վախենալ հանրային կարծիքից։ Հանրային կարծիքը Ղրղզստանում կարևոր է դարձել։ Եվ ամենակարևոր բանը, որ մենք արել ենք՝ կառուցել ենք ազատ մարդկանց երկիր։ Սա թերևս այն ձեռքբերումն է, որով ես կարող եմ պարծենալ, որ Ղրղզստանի ժողովուրդն այսօր այնպիսի համոզմունք ունի, որ ինքն է որոշում իր ճակատագիրն ու ապագան»,-հայտարարել է Ղրղզստանի նախագահ Աթամբաևը:

Սա իսկապես հզոր գործչի խոսք է: Աթամբաևը նախագահ է ընտրվել 2011 թվականին և ցանկության դեպքում կարող էր նորից ընտրվել երկրի նախագահ, սակայն նա գնում է այլ ճանապարհով՝ ցույց է տալիս, որ նախագահի պաշտոնը հավերժական չէ ու որպեսզի երկիրը զարգանա պետք է անձնական ամբիցիաներից վեր կանգնել ու թողնել պաշտոնը:

Աթամբաևը իր քայլով ամոթալի իրավիճակի առաջ է կանգնեցնում հատկապես Ղազախստանի նախագահ Նազարբաևին, Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյին, Ռուսաստանի նախագահ Պուտինին և Հայաստանի նախագահ Սարգսյանին: Հայաստանի դեպքում իհարկե դեռևս ժամանակ կա, որպեսզի ընտրվի դեմոկրատական ճանապարհ և մեր երկիրը չհետևի վերնշված պետություններին:

Ինչ որ իմաստով Աթամբաևը իր հարզացրույցով ժամանակ է տվել Սարգսյանին մտածելու՝ արդյո՞ք պետք է գնալ ոչ ժողովրդավար ճանապարհով հանուն սեփական պաշտոնի: Գուցե Սարգսյանը հետ կանգնի իր թիմակիցների քաջալերանքից ու չցանկանա երկրի ղեկը իր ձեռքում պահել և թույլ տա Հայաստանը դառնա ժողովրդավար պետություն:

 


Այս թեմայով