Ազգային Ժողովում իրավիճակը թեժ է. պատգամավորները դեմ են ահաբեկչությանը

Ազգային ժողովի լիագումար նիստերի հերթական նստաշրջանի մեկնարկն այսօր բուռն էր: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները  բարձրաձայնեցին Հայաստանի տարբեր տոնավաճառների առևտրականներին հուզող խնդիրները:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտնեց, որ խորհրդարանի բոլոր խմբակցություններին դիմել են, իր խոսքով, տոնավաճառների հազարավոր առևտրականներ՝ պահանջելով արձագանքել և լուծում տալ իրենց խնդիրներին:

«Մենք պահանջում ենք դադարեցնել տոնավաճառներում մարդկանց խուզարկությունը, իրավունք չկա օրենքին հակասող խուզարկություն անել: Առաջին մեծ տեղը որտեղ պետք է գնա հարկայինը դա գազամատակարարման համակարգն»,- հայտարարեց Մելքումյանը՝ առաջարկելով ստեղծել գազամատակարարման և գազաբաշխման քննիչ հանձնաժողով:

Նույն խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ՝ պնդեց, որ մանր ու միջին առևտրականներին ուղղակի տեռորի են ենթարկում: «Բյուջե եք ուզում լցնել, տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա: Գազի հիման վրա ստեղծված իրենց դղյակները Մոնումենտում են, էնտեղ գնացեք և տեսեք խախտումները»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ քաղաքական օրակարգին զուգահեռ կա նաև հասարակական օրակարգ.«Եթե մենք խնդիր ենք դրել հայաթափել մեր երկիրը, եթե խնդիր ենք դրել ավելացնել արտագաղթի ծավալները, ապա հրաշալի կերպով մենք այդ խնդիրը լուծում ենք՝ նաև հաշվի առնելով այն հարկային տեռորը, որն իրականացվում է փոքր և միջին ձեռնարկատերերի հանդեպ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ստուգող մարմնի նախկինում ղեկավարվող ձեռնարկություններից շատերում այդ ստուգումների կարիքն ավելի շատ կա:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք եւս առավոտյան տոնավաճառների աշխատակիցներից նամակ են ստացել ու կզբաղվեն այդ հարցով. «Իհարկե, մտահոգված ենք տեռորի մասին հայտարարություններով, դեմ ենք ցանկացած տեռորի: Մենք միանշանակ կողմ ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ նիստին, քննիչ հանձնաժողովներին: Համապատասխան ժամանակ նախաձեռնության դեպքում մենք կմիանանք այդ խնդիրների ուսումնասիրությանը, որպեսզի հանրությունը իրեն հետաքրքրող մի շարք հարցերի պատասխանները ստանա: Մենք ստացված նամակներին ընթացք կտանք ու ամենայն լրջությամբ կզբաղվենք»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւս արձագանքեց քննարկվող հարցին. «Այդ նույն մարդկանց, որոնք երկու շաբաթ առաջ հավաքվել էին ԱԺ դիմաց, հանդիպել եմ նաեւ ես բոլորովին պատահաբար՝ գալիս էի աշխատանքի, առաջարկել եմ գրավոր ներկայացնել իրենց պահանջները, որպեսզի ելքեր գտնենք: ԱԺ-ում էր այդ պահին ՊԵԿ նախագահը եւ ասել եմ խնդիրը: Մենք պատրաստ ենք այստեղ ցանկացած խնդիր քննարկել, սակայն ուռճացված, շոու դարձրած որեւէ խնդիր, կարծում եմ, անլուրջ կլինի քննարկել»:

Հիշեցնենք, որ այսօր  Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Առինջ մոլ»-ի առևտրականները:

 


Այս թեմայով