Ազատ արձակվեց Շանթի և մյուսների գործով դատապարտվածներից Արմեն Հովհաննիսյանը

ArmenՔիչ առաջ ազատ արձակվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ի գործով երկու տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հովհաննիսյանը։

69537

«Ռեժիմն ապօրինաբար զրկեց ինձ իմ ազատությունից, իմ ընտանիքի հետ լինելու իրավունքից։ Ազատություն քաղբանտարկյալներին», — ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն այս գործով դատապարվածներից արդեն երրորդ մարդն է, որ ազատ է արձակվում։ Նախ ազատ արձակվեց մեկ տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանը, այս տարվա մայիսի 5-ին էլ՝ մեկուկես տարվա ազատազրկման դատապարտված Սևակ Մնացականյանը։

Հիշեցնենք, Արմեն Հովհաննիսյանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հետ 2013 թվականի նոյեմբերի 5-ին մի խումբ աջակիցներով, Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստի։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան: Նշենք, որ Հովհաննիսյանը 20 տարի ծառայել է բանակում։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով անցյալ տարվա նոյեմբերի 5-ին բողոքի ակցիա անցկացնելուց հետո կալանավորված Շանթ Հարությունյանին: Նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ:

Շանթ Հարությունյանի գաղափարակից մյուս ընկերներից առավել խիստ պատիժների դատապարտվեցին Վահե Մկրտչյանը՝ 7, Ալբերտ Մարգարյանը՝ 6, պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը՝ 5-ական տարվա ազատազրկման: 4.5 տարվա ազատազրկման դատապարտվեց Հայկ Հարությունյանը, 4-ական տարվա ազատազրկման՝ Ալեք Պողոսյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը: Արմեն Հովհաննիսյանը, ով 20 տարի ծառայել է հայկական բանակում, դատապարտվեց 2 տարվա, Սևակ Մնացականյանը՝ 1.5, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման: Միսակ Առաքելյանի նկատմամբ դատարանը որոշեց կիրառել տուգանք:

Սկզբնաղբյուր՝ azatutyun.am

Դիտվել է 105 անգամ
 


Այս թեմայով