Ադրբեջանցի ընտանիքը գործել է հայերի դեմ

Հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:

ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ:

Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ.Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:

Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ ՀՀ Միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր, թե Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը (հայրը, մայրը եւ երեք երեխաները) Բագրատաշենի մասակետում Հայաստանից քաղաքական ապաստան են հայցել:

Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով