Ադրբեջանն սպառել է առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները. Արծրուն Հովհաննիսյան

արծրունԱդրբեջանն իրավիճակը հասցրել է նրան, որ այսօրվա դրությամբ առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները սպառված են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրել է, որ հակառակորդը տարեսկզբից գործի է դրել այնպիսի զինատեսակներ, որոնք հրադադար կնքելուց հետո չէին օգտագործվել՝ զրահամեքենա, հաուբից, զենիթային սարքավորումներ: Լրագրողի այն մեկնաբանությանը, որ անհրաժեշտ է այդ նույն զինատեսակներով պատասխանել՝ մամուլի քարտուղարն արձագանքեց, որ պարտադիր չէ ի պատասխան նույն զինատեսակները գործածել՝ կարելի է պատասխանել ավելի փոքր ծավալով, բայց ավելի ճշգրիտ:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, այսօր արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իրավիճակը պետք է գնահատել որպես ռազմական, ու կատարվող իրադարձությունները արդեն հրադադարի խախտում չեն:

«Պետք է հասկանալ, որ հակառակորդը զրահամեքենաներ է ներգրավում ոչ թե մեկ -երկու զինվոր սպանելու, այլ ավելի լուրջ նպատակների հասնելու համար: Եվ ամեն անգամ դա նրան չի հաջողվում: Սպանելով մեկ -երկու զինվորի, նա այնուամենայնիվ ձախողում է ավելի խոշոր նպատակները ու դրա համար էլ ավելացնում է տրամաչափը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անցած տարիներին հակառակորդը բազմիցս ձգտել է զավթել հենակետեր, միշտ պատասխան է ստացել ու հետ մղվել: «Առայսօր նրանց անգամ դա չի հաջողվել»,- փաստեց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է դիվերսիաների քանակին, մամուլի քարտուղարը նշեց, որ իրականացվում է վերլուծություն, բայց հրաժարվեց հայտնել արդյունքները: «Դուք ինքներդ էլ կարող եք եզրակացություններ անել: Հիմք ընդունելով ձախողված քայլերի մասին տեղեկությունները»,- նշեց Հովհաննիսյանը:

Պատասխանելով ՀԱՊԿ-ի կողմից ակնկալվող արձագանքի մասին հարցին, նա նշեց, որ այդ հարցը քաղաքական հարթությունում է:

Դիտվել է 130 անգամ
 


Այս թեմայով