Ադրբեջանն իր ահաբեկչական գործողություններով խափանում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը. ՊՆ

arm144343271074

ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը hայտարարություն է տարածել վերջին օրերին Ադրբեջանի կողմից կազմակերպվող սահմանային միջադեպերի մասին՝ նշելով, որ Ադրբեջանը զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով։ Նաև նշվում է, որ իր ահաբեկչական գործողություններով Ադրբեջանը խափանում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը։
ՀՀ ՊՆ հասարակական խորհրդի հայտարարությունում ասվում է հետևյալը.
«Ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու մարտական դիրքերից կիլոմետրեր հեռու տեղաբաշխված ԼՂՀ զինվորական
ստորաբաժանումները հրետակոծությունների թիրախ դարձնելը, որի հետևանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ և զինծառայողներ, խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, միջազգային հանրությունը, Հայաստանն ու Արցախը գործ ունեն ահաբեկչական գործելակերպ որդեգրած, անհաշվետու և սանձարձակ ամենաթողության սկզբունքներ դավանող պետության հետ:
Բաքուն չի թաքցնում, այլ, ընդհակառակը, լկտիաբար ի ցույց է դնում իր քամահրական վերաբերմունքը միջազգային կարծիքի, իրավական և մարդասիրական նորմերի և իր ստանձնած պարտավորությունների հանդեպ: Զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում` Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով` դրանով իսկ խափանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը:
Անկախ այս ամենից, Արցախի քաղաքական ինքնորոշումը կայացած ու անշրջելի փաստ է: Ինքնորոշված ու ազատ Արցախը Ադրբեջանին բռնակցելու և իր խանական լծի տակ դնելու ալիևյան մարմաջը անիրականանալի ցնորք է, որի հետևից գնալը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար:

 

Ցավակցում ենք մեր զոհված քաղաքացիների ու զինծառայողների ընտանիքներին և կիսում հարազատների վիշտը:

 

Զորակցություն ենք հայտնում մեր բանակի զինվորներին, սպաներին ու հրամանատարներին, վստահ ենք մեր բանակի ուժին»:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով