Ադրբեջանն Արցախի դեմ գործի է դնում ահաբեկիչների

572887ce403a7d349dee42c919824b8c__660xԱրցախա-ադրբեջանական սահմանին այս օրերին ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցի զինվորականների գերակշռող մասը կարող է լինել նախկինում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) անդամ:

Եզրակացությունը բացատրվում է մի քանի կարևոր հանգամանքներով` օրինակ՝ մի քանի հազար ադրբեջանցիների առկայությունը ԻՊ շարքերում և ահաբեկչական խմբավորման ծայրահեղականներին հատուկ ձեռագիրը:

Դաժանությունը, որ ադրբեջանական զինվորականներն այս երեք օրերին դրսևորել են խաղաղ բնակչության նկատմամբ, արտառոց է և աննախադեպ: Դրանցից ամենասարսափելին Թալիշ գյուղում տարեց ամուսիների`Վալերա Խալափյանի և նրա կնոջը` Ռազմելայի սպանության սահմռկեցուցիչ պատմությունն էր: Վերջիններիս գտել էին իրանց տան մեջ` գնդակահարված և ականջները կտրած:

Միջազգային հանրությանը նման դաժանությամբ հայտնի են բացառապես «Իսլամական պետության» ահաբեկիչները: Իրաքում ԻՊ խմբավորման անդամների և Թալիշում ադրբեջանցիների գործողությունների ձեռագիրը նույնն է, գործելաոճը` նույնպես:

Բացի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված վայրագություններից, շատ կարևոր է հաշվի առնել փաստը, որ Ադրբեջանում բնակվում են ԻՊ-ի կազմում կռված, փորձառություն և առանձնահատուկ դաժանություն ձեռք բերած ծայրահեղականներ: Վերջին ամիսներին թուրքական և ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին ադրբեջանցի ծայրահեղականների` Սիրիայից և Իրաքից վերադառնալու մասին: Ընդհանուր առմամբ` հայտնի է Սիրիայում և Իրաքում` ԻՊ-ի կազմում, 3000 ադրբեջանցի ծայրահեղականի ներգրավվածության մասին, նրանցից պաշտոնապես զոհվել էր 300-ը:  Ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների՝ այսօր ԻՊ շուրջ 2700 ադրբեջանցի անդամներ բնակվում են Ադրբեջանում: Հետևաբար, ոչինչ չէր կարող խանգարել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախի դեմ մարտական գործողությունների ուղղել նաև մարտերում կոփված ահաբեկիչներին, փորձելով ռազմական ագրեսիայի ու դաժանության միջոցով հասնել իրավիճակի ապակայունացմանը:

Այս փաստն, անշուշտ, պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը, գերտերություններին, որոնք Իսլամական պետությունը հայտարարել են որպես ահաբեկչական կազմակերպություն և ջանքեր են գործադրում՝ պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ: Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանը ոտնահարում է մարդու համընդհանուր իրավունքներն ու միջազգային իրավական նորմերը ոչ միայն հետևողականորեն խախտելով հրադադարի ռեժիմը, այլև ահաբեկիչներին ներգրավելով իր զինված ուժերի գործողություններում:

Նյութի աղբյուր՝ aysor.am

 


Այս թեմայով