Ադրբեջանի սահմանապահները նոր՝ կամիկաձե ԱԹՍ-ներ են ստացել

Ադրբեջանի սահմանապահ ծառայության բազաներից մեկում ընդունել են երկրի նախագահին ու ցուցադրել իրենց սպառազինության մեջ եղած զինատեսակները։ Մասնագիտացված Razm.info կայքը բացահայտել է, որ նոր սպառազինության մեջ կան նաև իսրայելական արտադրության Sky Striker կամիկաձե (մահապարտ) անօդաչու թռչող սարքեր։

Այս սարքերը 2016 թվականից են արտադրվում, և ըստ ամենայնի, դրանց առաջին արտասահմանյան գնորդը հենց Ադրբեջանն է, որն ունի ևս մի քանի տեսակի իսրայելական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև հարվածային։ Կոնկրետ այս անգամ ցուցադրված սարքի նպատակն օդային հետախուզության միջոցով թիրախներ հայտնաբերելն է ու դրանց վրա ընկնելով՝ թիրախները պայթեցնելով ոչնչացնելը։ Այն կարողանում է օդում մնալ 1-2 ժամ՝ կախված մարտագլխիկի զանգվածից։ Իսկ մարտագլխիկը կարող է լինել 5-10 կիլոգրամանոց պայթուցիկ լիցք։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ոչ միայն այս զինատեսակով, այլև առհասարակ իր ամբողջ սպառազինությամբ ու մարտունակությամբ քիչ է զիջում երկրի բանակին։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ բանակի փոխարեն այսուհետ հենց Ադրբեջանի սահմանապահներին է վստահվելու Տավուշի հատվածում Հայաստանի հետ սահմանի պաշտպանությունը։

Այս թեմայով