Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ նախօրեի հայտարարություններին

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի Արցախյան հիմնահարցին առնչվող մասին՝ դրանք «ստահոդ» և «իրականությունից հեռու» անվանելով: 

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանի իշխանություններին «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների» մասին ճշմարտությունը թաքցնելու և բանակցային խաղաղ գործընթացի սկզբունքներին հակասելու համար:

Ըստ ադրբեջանական կողմի՝ Փաշինյանի վերջին ելույթը հակասում է Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անկացրած հանդիպման ոգուն, գրում է minval.az-ը:

«Հայաստանը պետք է գործի՝ համաձայն միջազգային հանրության դիրքորոշման ու իր ստանձնած պարտավորությունների, կառուցողական կերպով մասնակցի բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության հնարավորինս արագ կարգավորմանը»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ հայկական զորքերը պետք է «դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից», ինչից հետո միայն կարող է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվել:

Այս թեմայով