Ադրբեջանը պատերազմ է սկսու՞մ

բանակԼՂՀ  հակամարտության շուրջ նոր զարգացումներ են սպասվում: Վերջին շրջանում նորից ակտիվացել են սահմանային կրակոցները և ինչպես և կանխատեսվում էր Եվրոպական օլիմպիական խաղերի ավարտից հետո Բաքուն դիմեց նոր սադրանքների: Բաքվի սադրանքները արդեն իսկ սովորական են դարձել, սակայն այս օրերի սահմանային լարվածությունը  արտասովոր է դառնում ԼՂՀ ՊԲ անսպասելի հայտարարությամբ: Սովորաբար նման խիստ տոնով Բաքվի Սադրանքներին ԼՂՀ պաշտոնական կողմը կամ ՀՀ ՊՆ-ն արձագանքում են միայն այն դեպքում, երբ այն իր մեջ արդեն իսկ լուրջ վտանգներ է պարունակում: Հայկական կողմը հանդես եկավ նման հայտարարությամբ: ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հավատարիմ մնալով իր ապակառուցողական դիրքորոշմանը և շարունակելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները` ադրբեջանական կողմն այսօր հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ: Մասնավորապես տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում: Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնկացությամբ տեղում անցկացնել դիտարկում և պարզել իրական ճշմարտությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական բնակավայրերի և ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի:

Այս ընթացքում բավական շատ փորձագետներ խոսել են այն մասին, որ Ադրբեջանը Եվրոպական խաղերի ավարտից հետո փորձելու է արագ պատերազմ վարել և փորձել այդ կերպ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը: Ադրբեջանի կողմից վտանգ զգացել է նաև ՌԴ-ն և այս տեսանկյունցի պատահական չէր այն լուրերի տարածումը, ըստ որի ՌԴ-ն Հայաստանին պատրաստվում է վաճառել գերժամանակակից հրթիռային <Իսկանդեր Մ> համալիր:  Ադրբեջանը այս տարիներին իր ռեսուրսների մեծ մասը դրել է բանակը վերափոխելու գործի մեջ և իր ողջ նպատակը Հայաստանի հետ պատերազմի վերսկսումն է, քանի որ այդ երկրի բռնապետ Ալիևը կրտսերը չի կարողանում այլ ճանապարհ ընտրել: Հասկանալի է, որ ադրբեջանը պատերազմ է սկսում Հայաստանի հետ և այստեղ շատ կարևոր է, որ ՀՀ պատկան մարմինները նման սցենարի պատրաստեն նաև հանրությանը, որպեսզի հնարավոր պատերազմը անակնակալի չբերի հաղթանակած հայ հանրությանը:

Անի Ասլանյան

Դիտվել է 2,024 անգամ
 


Այս թեմայով