Ադրբեջանը կարող է սահմանին սադրիչ գործողություններ անել, ընտրություններից առաջ. Ռ. Սաֆրաստյան

Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունների պատճառը պետք է փնտրել ներքաղաքական զարգացումներում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով՝ այս պահին Ադրբեջանի ներսում քաղաքական ճնշումների խնդիր կա, իսկ Ալիևը վաղաժամ ընտրություններով փորձում է հասարակությանն իր շուրջը համախմբել:

«Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը սեփական իշխանության պահպանման, երկարաձգման համար փորձում է վաղաժամկետ կերպով բնակչությանն իր շուրջը համախմբել՝ էլ ավելի ակտիվացնելով ռազմատենչ հռետորաբանությունը: Մենք դառը փորձ ունենք Ադրբեջանից և չպետք է զգոնությունը թուլացնենք»,- ասաց նա:

Սաֆրաստյանը չբացառեց, որ ընտրություններից առաջ Ադրբեջանը կարող է հայ-ադրբեջանական սահմանին սադրիչ գործողություններ անել:
Նրա գնահատմամբ՝ Ալիևը կփորձի ռազմական հաջողությունների հասնել, ինչի միջոցով կարող է ուժեղացնել ռազմական հռետորաբանությունը՝ փորձելով հասարակությանը կոնսոլիդացնել: Մինչև ընտրություններն այդ վտանգը կա»,- նշեց թուրքագետը:

Սաֆրաստյանը նկատեց՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է հստակ ակցիաներով: Թուրքագետի կարծիքով՝ հայկական կողմը երբեք չպետք է կորցնի իր զգոնությունը։

«Ալիևը փորձ կկատարի ռազմական գործողություն ծավալել՝ ամրապնդելու իր դիրքերը: Զգոնությունը մեզ համար կենսական նշանակություն ունի: Որ Ադրբեջանը տարիներ շարունակ հարվածներ է ուղղում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, նորություն չէ: Նորություն չէ նաև, որ այդ հարվածները ժամանակ առ ժամանակ սուր բնույթ են կրում»,- շեշտեց Սաֆրաստյանը։

Վերջինս անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին և հայտարարեց, թե իր համոզմամբ՝ Հայաստանն իսկապես կհրաժարվի այդ փաստաթղթերից:

«Թուրքիայում վերջին տարիներին կարևոր փոփոխություններ են տեղի ունենում: Էրդողանը մեր աչքի առաջ շատ կարևոր կերպարանափոխություն է ապրում: Եթե մինչ այժմ նա հանդես էր գալիս որպես իսլամական գործիչ, ապա այժմ տեսնում է, որ այդ ռեսուրսը սպառել է իրեն, և փորձում է նոր ռեսուրս ստեղծել՝ իր իշխանությունը պահելու համար: Իսկ նոր ռեսուրսը պանթյուրքիզմն է: Սա նշանակում է, որ Թուրքիան ավելի ագրեսիվ է դառնում»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

 


Այս թեմայով