Home » ՄԱՄՈՒԼ » ԱԳՆ-ն կտեղափոխվի՞ Գյումրի

ԱԳՆ-ն կտեղափոխվի՞ Գյումրի

Samvel-Balasanyan01-e1346419325263«168 ժամ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը որոշել է սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում հանդես գալ դաշինքով եւ համամասնական ցուցակի առաջին համարում առաջադրել Գյումրիի գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական Սամվել Բալասանյանին:

Դաշինք ՀՀԿ-ն կազմելու է ոչ թե պաշտոնապես իշխանական կոալիցիայում դաշինքի մեջ գտնվող ՀՅԴ-ի, այլ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հետ: Այս տեղեկությունը միանգամից մի քանի սենսացիաներ է պարունակում: Նախ՝ պարզվում է, որ Հայաստանում Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն կա: Խոսքն այն կուսակցության մասին է, որի ղեկավարը ներկայումս ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ փոխնախարարներից մեկի՝ հայր, մյուսի՝ կնոջ հայր Խոսրով Հարությունյանն է:

Այս տեղեկատվության մյուս սենսացիոն բաղադրիչն այն է, որ իշխող ՀՀԿ-ն, որ աջ ու ձախ հայտարարում է, թե վստահ, համոզված, երաշխավորված, անկասկած է, որ հաղթելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, դաշինք է կազմում մի կուսակցության հետ, որի ղեկավարը եւ, ամենայն հավանականությամբ, միակ իրական անդամը պատգամավոր է դարձել այլ կուսակցության ցուցակով: Ընդհանրապես, նախընտրական դաշինքներ կազմվում են այն դեպքում, երբ դաշինքի անդամ կուսակցությունները վստահ չեն, որ միայնակ մասնակցելու դեպքում կարող են հաղթահարել ընտրական նվազագույն շեմը:

Փաստորեն, ՀՀԿ-ն այսպիսով խոստովանում է, որ իրականում չի կարող միայնակ, սեփական անունով մասնակցելու դեպքում անգամ՝ մի քանի մանդատ ստանալ Գյումրիի ավագանու կազմում: Մյուս կողմից՝ խոստովանում է, որ այնքան վարկաբեկված է, որ կարողացել է դաշինք կազմել միայն գոյություն չունեցող կուսակցության հետ: Հանրությանը հայտնի մյուս ուժերից թերեւս վերջինը Դաշնակցությունն էր, ով խոստովանելով, որ վարկաբեկվելու է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելով՝ կոալիցիայի անդամ դարձավ:

Բայց ամենածիծաղելին ու տարօրինակն այն է, որ ՀՀԿ-Խոսրով Հարությունյան դաշինքը քաղաքապետի թեկնածու է առաջադրում մեկին, ով ոչ միայն դաշինքի անդամ կուսակցություններից որեւէ մեկի անդամ չէ, այլ հասցրել է լինել Հայաստանում գրեթե բոլոր հնարավոր կուսակցությունների անդամ, բայց ներկայումս անկուսակցական է: Ընդ որում, այսպես է վարվում իշխող այն կուսակցությունը, որը սահմանադրական բարեփոխումները հիմնավորում էր քաղաքական համակարգի կայացմամբ, կուսակցությունների ամրապնդմամբ, եւ այլն: Իրականում, Գյումրիի ընտրությունները, այդ ընտրություններում Սամվել Բալասանյանի առաջադրումը ցույց են տալիս, որ սահմանադրական փոփոխություններով Հայաստանում գրեթե սահմանադրորեն ամրագրվել է, որ քաղաքականության մեջ ամենադոմինանտ գործոնը փողն է, եւ փողին տիրապետող ցանկացած մեկը կարող է հասնել նրան, որ մի ամբողջ իշխող կուսակցություն եւ մի ամբողջ Խոսրով Հարությունյանի չկուսակցություն պաշտպանի իր թեկնածությունը: Նույնը տեղի է ունենալու նաեւ խորհրդարանական ընտրություններում:

Որեւէ ընտրատարածքում «հեղինակություն» ունեցող որեւէ Գուգուշիկ կամ Բլդուղ դառնալու է իշխող կուսակցության «բաց ցուցակի» թեկնածուն այդ ընտրատարածքում եւ փողով, քրեական ազդեցությամբ եւ այլ մեթոդներով դառնալու է պատգամավոր: Հայաստանի՝ առանց այն էլ անապատացած քաղաքական դաշտի վերջնական դեգրադացումը սկսված է: Մեկնարկը կլինի Գյումրիում, եզրափակիչ արարը՝ ապրիլին՝ խորհրդարանական ընտրություններում:

Մնում է հուսալ, որ Սամվել Բալասանյանի հաղթանակի դեպքում Արտգործնախարարությունը չի տեղափոխվի Գյումրի: Չնայած բացառված չէ, որ հենց այդ պայմանով Խոսրով Հարությունյանը համաձայնած լինի դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ: Ինչպես ասում են՝ ամեն ինչ կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 129 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy