Աբրահամյանի «կազինո խաղալու և խմելու» նպատակը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ մամուլի հետաքրքրությունը չի նվազում: Հովիկ Աբրահամյանի ամեն քայլ քննարկումների առիթ է դառնում: Վերջերս նա նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել էր Արցախ: Նախկին վարչապետը այդ մասին գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում, որը հետագայում որոշ շրջանակներ փորձեցին օգտագործել հենց իր դեմ:

Իշխանության որոշակի թևի մոտ կանգնած ռեսուրսներից մեկը գրել էր, որ Հովիկ Աբրահամյանը ներկայումս գտնվում է խորը դեպրեսիայի մեջ՝ սկսել է ալկոհոլ շատ օգտագործել ու հաճախակի այցելել խաղատներ, ու եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ կազինոներում տանուլ տա իր ողջ կարողությունը:

Իրականում այս պահին Հովիկ Աբրահամյանի դիրքավորումը ամենահարմարն է Հայաստանի քաղաքական կյանքում: Նա ունի որոշակի ֆինանսական և քաղաքական կապիտալ ու հասկանալի է, որ իշխանության իրար հակադիր թևերը կցանկանան իրենց կողմում տեսնել Հովիկ Աբրահամյանին` իր այդ ռեսուրսով:

Նախկին վարչապետը իր այդ ռեսուրսը կարող է բավական լավ օգտագործել, եթե չշտապի ու սպասի մինչև 2018 թվականի իրադարձությունների զարգացումը: Այդ փուլում իշխանության թևերը իրենց հարաբերությունները պարզած կլինեն ու Արգամիչի ռեսուրսը վատնված չի լինի, որպես թնդանոթի միս: Այս դեպքում Հովիկ Աբրահամյանի դերակատարումը առավել մեծ կլինի, քանի որ նա իշխանության այս փուլում մղվող պայքարում միջոցներ չի վատնի:

Հենց այս ամենը հաշվի առնելով է, որ Արգամիչի մասին նման որակի տեղեկատվություն է դաշտ նետվում: Հովիկ Աբրահամյանին փորձում են ներքաշել ներքաղաքական ընթացող պայքարի մեջ՝ նրան անձնական դաշտում հարված հասցնելով, որպեսզի սպառեն նրա հնարավորությունները:

 

 


Այս թեմայով