ԱԱԾ-ն չի կարողանում ռուսների դեմն առնել

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝  նրան համոզելով Երևան գալ՝ խորոված ուտելու:

Ինչպես նշում է ria.ru-ն` հիմնվելով հեռախոսազրույցի ձայնագրության վրա, ուշագրավ զրույցը տեղի է ունեցել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց որոշ ժամանակ անց:

Սա արդեն երրորդ դեպքն է, երբ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցող այս երիտասարդները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կապվում են միջազգային առաջնորդների հետ ու անհարմար դրության մեջ դնում նրան:

Առաջին անգամ ռուս պրանկերները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին:

Երկրորդ անգամ պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով)  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Սա իսկապես խնդիր է, որը միանշանակ վնասում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը: Ռուս պարանկերների այս սադրանքը ամենայան հավանականությամբ հովանավորվում է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից: Պետք է նկատել, որ այս պրանկերները ռուս-ուկրաինական հակամարտության թեժացման ընթացքում Ուկրաինայի հետ կապված նման զավեշտալի պատմությունների հեղինակ էին դառնում:

Այս խնդիրը պետք է հայտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում: Անվտանգության մարմինները պետք է պարզեն, թե ինչպես են ռուս պրանկերները կարողանում աշխարհի լիդերների հետ կապվել և խոսել ՀՀ վարչապետի անունից:

Այս թեմայով